ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ մարդը պետք է հասկանա նաեւ դրա հնարավոր հետեւանքների՝ մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու մասին: Համենայնդեպս, Հայաստանում այդպես է, եւ այստեղ մեծ հաշվով որոշողը կարծես թե քաղաքականությունն է:
Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու եւ այդ գումարն օրինականացնելու մեջ կասկածվող նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց: ԱԺ՝ հոկտեմբերի 2-ի նիստում պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ իրենց գործընկեր Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ հանձնեցին ազգային անվտանգությանը: Վ. Օսկանյանն էլ նախօրեին իր պաշտպանի հետ գնաց ԱԱԾ եւ օգտվելով սահմանադրական իր իրավունքից՝ հրաժարվեց ցուցմունք տալ: Բայց դա չխանգարեց իրավապահներին շարունակել կանխորոշված սցենարի իրագործումը: Չի բացառվում, որ առաջիկայում նրան կալանավորեն: ԲՀԿ-ականները դա համարում են քաղաքական պատվեր: Համենայնդեպս, Վ. Օսկանյանը ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց. «Ամեն ինչ այնքան պարզ է, որ ասելիք չունեմ: Ինչ պետք է ասվեր, ասվել է: Ցանկացած այլ հարց պետք է մյուս կողմին տալ»:
Սակայն մինչ որոշ հարցադրումներ անելը, հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին պատկանող, ՀՀ-ում հիմնադրված «Հանթսման բիլդինգ փրոդաքս» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը վաճառվել են 2 մլն դոլարով, բայց գործարքը չի ներկայացվել հարկային մարմնին հարկերից խուսափելու նպատակով: Ամերիկյան կողմի՝ բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարն էլ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վ. Օսկանյանն անձնական կարիքների համար է ծախսել: Ըստ մեղադրանքի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտել է կազմակերպության կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները եւ չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Սակայն «Սիվիլիթաս»-ի մասին իրավապահները հիշեցին այն ժամանակ, երբ Վ. Օսկանյանը սկսեց ավելի ակտիվ քաղաքականության մեջ մտնել` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի սատարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի անձեռնմխելիության մանդատը ձեռքին:
Տարիներ առաջ այդպես եղավ նաեւ մեկ այլ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ արդեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: Նրան եւս մեղադրում էին փողերի լվացման մեջ. իբր «լվացել էր» Մոսկվայում ապրող, Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Լեւոն Մարկոսի ուղարկած փողերը: Արդյունքը եղավ այն, որ Ա. Արզումանյանը մի քանի ամիս անցկացրեց բանտում, գործը չկարճվեց, սակայն հասավ Եվրադատարան: Ա. Արզումանյանի նկատմամբ ճնշումներն էլ սկսվեցին, երբ Ռ. Քոչարյանը երեւի ինչ-որ վտանգ զգաց նրա քաղաքական ակտիվությունից: Այսինքն՝ ամեն ինչ կարծես կրկնվում է՝ հիմքում ունենալով նույն շարժառիթները, սցենարները, եւ ինչ-որ բան անընդհատ կիսատ է մնում:
Նախ հետաքրքիր է այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր (բացի Էդվարդ Նալբանդյանից) ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը վստահվում է ԱՄՆ նախկին (կամ ներկա) քաղաքացիներին կամ նրանց հետ անմիջական կապ ունեցող անձանց (Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Ալեքսանդր Արզումանյան): Իհարկե, նրանց դեմ ոչինչ չունենք, բայց ինչո՞ւ հենց ԱՄՆ-ից. մի՞թե վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում չի եղել ՀՀ քաղաքացի գեթ մեկ անձ, որը կկարողանար ստանձնել արտգործնախարարի պաշտոնը:
Բացի այդ, անդրադառնալով կոնկրետ Վ. Օսկանյանի քրգործին, հարց է առաջանում. իրավապահներն ասում են՝ Օսկանյանը մեղավոր է, վերջինս էլ ասում է՝ նման բան չկա, ուղղակի քաղաքական հետապնդում է: Այդ դեպքում «Սիվիլիթաս»-ն ինչո՞ւ հարկային մարմնին չի ներկայացրել 2011-ի հաշվետվությունը եւ Հայաստանում հիմնադրված «Հանթսման բիլդինգ փրոդաքս» ՍՊԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքը: Վ. Օսկանյանին գոնե իր արտգործնախարարի փորձն ու հեռատեսությունը պետք է հուշեր, որ իր ղեկավարած հիմնադրամը բոլոր առումներով պետք է անթերի աշխատեր, քանի որ ՀՀ-ում ամեն փոքր բանն էլ կարող է քրեական հետապնդման առիթ դառնալ: Եթե, իհարկե, հարկային մարմիններին իսկապես չեն իրազեկել իրենց գործարքների մասին:
Կամ եթե խախտել են «Սիվիլիթաս»-ի կանոնադրությունը, ինչո՞ւ է Հանթսմանը գոհ. չէ՞ որ ԱՄՆ-ում պայմանագրի յուրաքանչյուր կետ պետք է համապատասխան լինի օրենսդրությանը եւ լիարժեք կատարվի, իսկ ՀՀ-ում կատարվող գործարքների պայմանագրային կետերին կարելի է մատների արանքո՞վ նայել… Դատախազությունն էլ իր հերթին Օսկանյանից այն կողմ՝ Հանթսմանին «չի անցել»՝ որոշ հանգամանքներ նաեւ նրանից պարզելու համար: Այնպիսի տպավորություն է, որ երկուստեք զգուշավորություն են պահպանում. իշխանություններն ինչ-ինչ պայմանների առկայությամբ ՀՀ արտգործնախարարի պաշտոնի համար Հայաստան են հրավիրում ԱՄՆ-աբնակներին, իսկ հետո սկսում նրանց դեմ «կոմպրոմատներ» հավաքել ու անակնկալ մատուցել այն ժամանակ, երբ նրանք սկսում են քաղաքական ակտիվություն դրսեւորել: Ու շատ բան կարծես մինչեւ վերջ չի ասվում: Ի՞նչ են թաքցնում հայրենի իշխանություններն ու ԱՄՆ-ը:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՄՆ ԾԱԳՄԱՄԲ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ «ԴԱՏՎՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ