«Մարդուն շատ բան պետք չի: Մարդուն պետք ա վստահություն, հավատ: Վստահությունը վերականգնվի, հավատ լինի, որ ոնց առաջին օրից խոսեցինք` ես ոչ թուղթ եմ ստորագրել, ոչ էլ… այլ իմ խոսքը դուք ընդունել եք: Ես ավելի պարտավորված եմ եղել, որ մի բան էլ ավել անեմ, որ այս մարդկանց մոտ հույսն ու հավատը վերականգնվի, որ նրանք հավատով լինեն իրենց երկրում, իրենց հայրենիքում: Իմանան, որ մտածող մարդ կա: Այսօր տնտեսական ճգնաժամ է, մարդիկ շատ բան չեն ուզում, ուզում են ստեղծել, արարել, ապրել»,- այսպիսին էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի խոսքը` նորաբաց «Առինջ-մոլ» տոնավաճառի բացման արարողությանը:
Թերևս, պարոն Ծառուկյանը մի պահ մոռացել էր, որ այդ նույն հանրության հույսը երկու ամիս առաջ արդեն իսկ մարել է, երբ նա հայտարարեց, թե «այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները… Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք… Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, և ոչ թե արցունքներ: Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ»:
Այս հայտարարությունից հետո հօդս ցնդեցին այն բոլոր ամպագորգոռ խոսքերը, թե «պատրաստվե՛ք պայքարի։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»:
Իհարկե, վերոնշյալ միջոցառման ընթացքում Armlur.am-ի հետ զրույցում «Հրազդան» տոնավաճառի նախկին առևտրականներն իրենց գոհունակությունն արտահայտեցին` հատուկ շնորհակալություն հայտնելով Գագիկ Ծառուկյանին ընձեռած հնարավորության և արտագաղթի ճամփան բռնելուց ետ կագնելու համար:
Այդուհանդերձ, լրագրողները փորձեցին Գագիկ Ծառուկյանից պարզել` ի վերջո ի՞նչն էր քաղաքականությունից դուրս գալու պատճառը, և ի՞նչը դրդեց նրան գնալու այդ քայլին այն ժամանակ, երբ ժողովուրդն ամենաշատն էր սպասում իր կոչին` պայքարի դուրս գալու և վաղեմի երազանքին հասնելու. «Ձեր քաղաքական հարցերը քաղաքականության կարկառուն ներկայացուցիչներին տվեք»,- ահա այսպես պատասխանեց այլևս ապաքաղաքական գործարարը` միաժամանակ հորդորելով լրագրողներին իրեն չխանգարել շփվել հանրության հետ, այն հանրության, որն այլևս Գագիկ Ծառուկյան մարդու հետ, մեծ հաշվով, հույսեր չի կապում:
Թեպետ ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը, կասկած չունենալով, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլեւս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ է միայն այն դեպքում, երբ իրեն է պետք, իր անձնական շահերն են մեջտեղում, իսկ ազգի դեմքին միայն ժպիտ տեսնելու դեպքում ինքն իր մանդատը վայր է դնում: