Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 9-ի նիստը սկսվեց կես ժամ ուշացումով. դեռեւս Իջեւան չէին ժամանել ամբաստանյալ 3 զինվորների պաշտպանները: Ի դեպ, տեւական ընդմիջումից հետո դատական նիստին մասնակցում էր ամբաստանյալ 3 զինվորների երկու պաշտպաններից միայն մեկը` Ազատ Շահբազյանը:
Քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջնորդությամբ որպես վկա դատակոչվել էր նախկին զինծառայող Սմբատ Սարգսյանը: Վկան դատարանում ցուցմունք տալիս խոսում էր ցածր ձայնով, ինչի պատճառով դատավոր Սամվել Մարդանյանի կողմից մի քանի անգամ դիտողության արժանացավ:
«Ղոզլու» հենակետի հարեւան «Լույս» հենակետում ծառայած Ս. Սարգսյանը շատ հարցերի պատասխանելիս ասում էր, որ չի հիշում: Նա ասաց, որ Ա. Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը 4 օր ռազմական ոստիկանությունում կալանքի տակ է գտնվել, որտեղ 3 անգամ հարցաքննվել է: Մեղադրող Հարություն Հարությունյանը վկային ասաց, որ նա դատարանում ասում է, թե շատ բան չի հիշում, իսկ պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցերին պատասխանելիս հիշում է, եւ վկային հարցրեց, թե արդյոք նա մինչ նիստը հանդիպել է Գեւորգյանին: Դատախազ Հարությունյանը, մատ թափ տալով, վկային նախազգուշացրեց, որ նա սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի: Սա զայրացրեց դահլիճում գտնվող Ա. Նազարյանի մորը` Հասմիկ Հովհաննիսյանին, որը դատախազին ասաց. «Մատդ թափ մի՛ տուր, հանցագո՛րծ, հանցագործությունները պարտակելու համար մեդալ ես ստացել»:
Այնուհետեւ հրապարակվեցին Ս. Սարգսյանի նախաքննական ցուցմունքները եւ Հակոբ Մանուկյանի հետ նրա առերեսման արձանագրությունը: Վկան հերքեց նախաքննական ցուցմունքի իր այն պնդումը, թե լեյտենանտ Ա. Նազարյանը զինվորներին հրամանը տալիս էր խնդրանքի ձեւով: Նա հերքեց նաեւ, որ Նազարյանի մահվան նախորդ օրը ինքը լեյտենանտ Վահագն Հայրապետյանի հետ «Ղոզլու» հենակետ է գնացել ժամը 22:40-ի սահմաններում՝ նշելով, որ իրենք այդ հենակետ են գնացել երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում: Վկան ժխտեց նաեւ այն, որ այդ ժամանակ ծխարանում կապիտան Հակոբ Մանուկյանը Արտակ Նազարյանին ասել է, թե վաղը վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը գալու է, Նազարյանը ոնց է նրան պատասխան տալու: Դրան իբր հետեւել էր Արտակի հայհոյանքը նրանց հասցեին, ովքեր կասկածում են պատասխան տալու իր ունակությանը, ինչից հետո Մանուկյանը մի ապտակ էր հասցրել Նազարյանին: Սմբատ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ նման խոսակցություն չի եղել, եւ Մանուկյանը չի հարվածել Նազարյանին:
Դատավարության մասնակիցները վկային հարցեր ուղղեցին, թե նա ինչու է նախաքննական ցուցմունքներում եւ Հ. Մանուկյանի հետ առերեսման ժամանակ նման պնդումներ արել: Վկան ասաց, որ ինքը ցուցմունքներ չի գրել, քննիչը գրել է, ինքը ստորագրել է առանց կարդալու: Պաշտպան Հ. Գեւորգյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում հայտարարեցին, որ վկա Ս. Սարգսյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ապացույց են, քանի որ նա այդ ժամանակ 4 օր գտնվել է ապօրինի կալանքի տակ, նրա արժանապատվությունը նվաստացվել է, բացի այդ, նրա հետ նույն խցում են գտնվել այլ վկաներ, ինչն անթույլատրելի է: Հ. Գեւորգյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը չի տիրապետել վկաների ցուցմունքներին, որ վկա Սարգսյանի նախաքննական ցուցմունքում գրված է, թե Հակոբ Մանուկյանի կողմից Նազարյանի ենթադրյալ ապտակի ժամանակ ինքը գտնվել է ծխարանում, իսկ Հ. Մանուկյանի հետ նրա առերեսման արձանագրության մեջ էլ նշված է, թե նա այդ ժամանակ եղել է ծխարանից 2 մ հեռավորության վրա:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ արդեն մի տարի է` իրենք հայտարարում են, որ ՊՆ քննչական ծառայությունը, ռազմական ոստիկանությունը եւ զինվորական դատախազությունը կեղծել են այս քրգործի նյութերը, որ վկաները ռազմական ոստիկանությունում ծեծվել են, որ Սմբատ Սարգսյանը, վկա Ռաֆայել Էվոյանից հետո, երկրորդն էր, որ դատարանում ճշմարիտ ցուցմունք տվեց: Այնուհետեւ դատական նիստը շարունակվեց դռնփակ, քանի որ հետազոտվում էին գաղտնի վարույթի նյութերը, որոնք կապ ունեն ազգային անվտանգության, ռազմական գաղտնիքի հետ: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:
Տավուշ