
Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Անն Իդալգոյին՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երևան այցելելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց քաղաքապետ Իդալգոյին՝ Փարիզում հիշատակի բազմաթիվ միջոցառումների կազմակերպմանը աջակցելու, ապրիլի 24-ի երեկոյան ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարելու կարևոր որոշման, ոգեկոչման միջոցառումներին ներկա գտնվելու, քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը հյուրընկալելու համար։
Էդվարդ Նալբանդյանն ու Անն Իդալգոն անդրադարձան քույր քաղաքներ Երևանի և Փարիզի համագործակցության հարցերին։
Հանդիպման ավարտին հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման գործում նշանակալի ավանդի համար Անն Իդալգոն Էդվարդ Նալբանդյանին հանձնեց Փարիզի «Մեծ մեդալը»։