Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Բնակավայրերի զարգացումն ու ամրապնդումը դիտարկելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը` 1990-ական թվականներին հիմնադրվեց տեղական ինքնակառավարման համակարգը` որպես բնակավայրերի զարգացման գլխավոր նախապայման: Բարեփոխումները միտված էին համայնքների կենսագործունեության հարցերում կենտրոնական իշխանությունից համայնքների կախվածությունը թուլացնելուն, իշխանության տեղական մարմիններ ձևավորելու հարցում նրանց ժողովրդավարական լայն հնարավորություններ ընձեռելուն, սոցիալ – տնտեսական սեփական խնդիրները լուծելու համար լայն լիազորություններ տրամադրելուն:
2000-ական թվականներից, սակայն, տեղի ունեցավ պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստանում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի վերացման մի գործընթաց, որը հանգեցրել է համայնքների խիստ թուլացմանը: Մասնավորապես, 2000թ.-ին համայնքների եկամուտների բազայից դուրս բերվեցին եկամտահարկի գծով օրենքով ամրագրված 15% մասհանումը և կենտրոնացված կարգով վճարողների հողի հարկը՝ մեծացնելով պետությունից համայնքների ֆինանսական կախվածությունը: 2005թ.-ին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությամբ հանվեց համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի` երկու ժամկետից ավելին անընդմեջ ընտրվելու իրավունքի սահմանափակումը:
Նույն թվականին «ընդունված» սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց այն դրույթը, համաձայն որի` տեղական հանրաքվեների արդյունքները պարտադիր չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցերը լուծելիս: Աստիճանաբար ներդրվեց պետական կառավարման տարբեր մակարդակի մարմինների, մասնավորապես` մարզպետարանների կողմից համայնքային իշխանությունների լիազորություններին միջամտելու և դրանք յուրացնելու գործելաոճը:
Տեղական ինքնակառավարման համակարգում կատարված ավերածությունները կարծես բավարար չհամարելով, իշխանություններն այժմ փորձում են իրագործել համայնքների խոշորացման մի նոր` վտանգավոր հայեցակարգ: Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ սույն հայեցակարգը `
1. Հանգեցնելու է սեփական իշխանություններ ձևավորելու գործում ժողովրդի դերի էական նվազմանը, ինչը խորացնելու է պետական կյանքից նրա էլ ավելի օտարումը,
2. Բերված հիմնավորումներով ոչ թե բնակավայրերի զարգացման և ամրապնդման, այլ` մեխանիկական միավորման միջոցով դրանց ինքնուրույնությունից զրկելու ծրագիր է:
3. Խախտում է բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը և խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը:
4. Ըստ էության վերջնականապես վերացնում է բնակիչների լիարժեք մասնակցությունը համայնքների կառավարմանը, թեև հայտարարվում է հակառակը:
5. Բնակավայրերի բնակիչներին՝ առօրյա բազմաթիվ խնդիրների լուծման առումով, կանգնեցնելու է մեծ դժվարությունների առջև:
6. Բոլորովին անտեսում է տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող բնակավայրերի պատմամշակութային ժառանգության, ազգագրական ինքնատիպության և ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը:
7. Վերջապես, լուրջ վտանգներ է պարունակում այն առումով, որ համայնքային նոր կենտրոնները կարող են կլանել բոլոր ռեսուրսները՝ զարգացման ընդգծված անհամաչափություն առաջացնելով բնակավայրերի միջև: Ծրագրի իրագործումը, այդպիսով, նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը՝ հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ շատ գյուղերում, ինչն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Այսպիսի կարևորագույն հարցերում պետությունը չպետք է առաջնորդվի միջոցներ տնտեսելու նկատառումով, առավելևս, որ այդ «բարեփոխման» ֆինանսական արդյունքը չնչին է լինելու:
Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ հրատապ անհրաժեշտություն է վերադարձը ծրագրային հենքի վրա երկրի բնակավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությանը` խորացնելով և ընդլայնելով տեղական ինքնակառավարումը: Այդ նպատակով պետք է կատարել հետևյալ առաջնահերթ քայլերը.
– հրաժարվել արհեստական միավորման միջոցով համայնքների խոշորացումից` շեշտը դնելով միջհամայնքային համագործակցության վրա, խթանելով կոոպերացիայի զարգացումը,
– փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում»` վերականգնելով համայնքի ղեկավարի ընտրության ժամկետային սահմանափակումը,
– էապես ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համայնքների կենսագործունեության և զարգացման խնդիրները լուծելու հարցերում, բացառելով անօրինական միջամտությունները տեղական իշխանությունների գործունեությանը,
– ֆինանսական ինքնուրույնությունը ապահովելու նպատակով, ընդլայնել համայնքների եկամուտների աղբյուրները, մասնավորապես` օրենսդրական փոփոխություններ կատարելով ,Բյուջետային համակարգի մասինե ՀՀ օրենքում` եկամտահարկի և շահութահարկի գծով համայնքների տարածքում հավաքագրվող գումարների մի մասը մուտքագրելով համայնքային բյուջեներ,
– համայնքների միացումը կամ առանձնացումը կատարել բացառապես կամավորության սկզբունքով` հիմք ընդունելով համայնքների հանրաքվեների արդյունքները,
– պետության միջամտությունը համայնքների միացման հարցում թույլատրելի համարել բացառիկ դեպքերում, երբ դա անհրաժեշտ է փոքր բնակավայրերի դատարկումը կանխելու համար:
Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում միացման ենթակա բոլոր համայնքների բնակիչներին` ակտիվորեն մասնակցել մայիսի 17-ի հանրաքվեին և դեմ քվեարկել կառավարության առաջարկած ծրագրին»: