ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊԱՏԱՌԱՔԱՂԸ ՄԻԿՐՈՎԱՌԱՐԱՆՈՒՄ»
Ամերիկացի աճպարար Դեյվիդ Բլեյնը հաջողությամբ է ավարտել հերթական մահացու հնարքը: Նա 72 ժամ գտնվել է մեկ մլն վոլտ լարման ներքո, իսկ նրա մարմնին անդադար կայծակներ են հարվածել: Նյու Յորքում ցուցադրված շոուն մամուլում ստացել է կատակային «Պատառաքաղը միկրովառարանում» անվանումը: Աճպարարը հնարքը ավարտելուց հետո համբուրել է իր հարսնացուին եւ անմիջապես մեկնել հիվանդանոց` ստուգման: Բլեյնը կարողացել է շարժվել միայն կողմնակի օգնության շնորհիվ: Սա Բլեյնի առաջին վտանգավոր հնարքը չէ: Դրանց թվում են 2,5 օր սառույցի մեջ, 44 օր առանց սննդի ապակե տարայում, ինչպես նաեւ մեկ շաբաթ հողի մեջ թաղված դագաղում անցկացնելը:

ԱՄԵՆԱԱՌՈՂՋ ՄԱՐԴԻԿ
Ֆրանսիացի գիտնականները հետազոտություններ են կատարել, որպեսզի պարզեն, թե եվրոպական որ երկրում են ապրում ամենաառողջ մարդիկ: Առաջատարն այս ցուցակում Շվեդիան է, որտեղ մարդիկ ապրում են միջինը 71,7 տարի: Երկրորդը՝ Մալթան է, որտեղ տղամարդկանց կյանքի տեւողությունը 70,2 տարի է, իսկ կանանցը` 71,6 տարի: Երրորդ տեղում Հունաստանն է, որտեղ տղամարդիկ ապրում են միջինը 66,4 տարի, իսկ կանայք՝ 67,6 տարի: Այնուհետեւ գալիս են Կիպրոսը, Իսպանիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան եւ Գերմանիան:

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
«Wikipedia օնլայն-հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսն ամուսնացել է»,-գրում է The Daily Mail-ը: 45-ամյա գործարարի կինը 40-ամյա Քեյթ Գերվինն է: Հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են եղել շոու բիզնեսի աստղեր ու քաղաքական գործիչներ, տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Լոնդոնում: Ուեյլսի համար այս ամուսնությունը երրորդն է: Քեյթի հետ Ուեյլսը ծանոթացել է Շվեյցարիայում: Նրանք դուստր ունեն: Ուեյլսը Wikipedia-ն հիմնել է 2001թ. հունվարին իր գործընկեր Լարի Սենգերի հետ:

29-ԱՄՅԱ ՊԱՊԻԿԸ

«Մեծ Բրիտանիայի բնակիչ 29-ամյա գործազուրկ Շեմ Դեւիսը Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ պապիկն է: 15 տարեկանում նա հայր է դարձել, իսկ նրա դուստրը ծննդաբերել է 14 տարեկանում»,-գրում է Topnews-ը: Երբ Դեւիսը գնացել է հիվանդանոց` թոռնիկին տեսակցության, նրանից անձնագիր են պահանջել` մտածելով, որ նա մայր դարձած կնոջ ամուսինն է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս