ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, եւ առողջապահության նախարարությունն ինձ ուղեգիր է տվել զոնդավորվելու համար (որն արժե մոտ 250-260 հազ. դրամ): Գնացել եմ «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն», այնտեղ ինձ տեղեկացրել են, որ ներկայում կլինիկայի անունը փոխվել է, եւ ուղեգրում պարտադիր պետք է նշված լինի նոր անունը՝ «Նատալի-Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոն»: Խնդրում եմ ասել՝ ինչպես վարվեմ, ում դիմեմ:

Կարինե Սարգսյան (54 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարինե Սարգսյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի ընթացքում պարզվել է, որ քաղաքացին ուղեգրվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»՝ կորոնարոգրաֆիա հետազոտության համար ոչ թե ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչպես նշված է գրության մեջ, այլ տարածքային պոլիկլինիկայի:
Հետեւաբար ՀՀ առողջապահության նախարարությունն իրավասու չէ ուղեգրի մեջ փոխել բժշկական հաստատության անվանումը:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան   

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւի թե կարիք կա առաջարկել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իրազեկի քաղաքացիներին բուժհաստատությունների փոփոխվող անունների եւ հասցեների վերաբերյալ, որպեսզի նրանք թյուրիմացությունների մեջ չընկնեն: Հարկ է նշել, որ նման խնդիրներով խմբագրություն են զանգահարում բազմաթիվ բնակիչներ, որոնց հարցերի պատասխանները հիմնականում հիմնավորված չեն լինում, եւ արդյունքում քաղաքացին կորցնում է ե՛ւ ժամանակ, ե՛ւ նյարդեր:




Լրահոս