Նախագահն ասում է` այսօր օրակարգում տարածքների վերադարձման հարց չկա, բայց չի նշանակում, թե չի լինելու. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Պոզներ» հաղորդման ժամանակ նշել էր, թե Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք: Ընդգծենք, սակայն, որ հունվարի 29-ին հրապարակված հռչակագրում նախագահը հղումներ էր արել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին և Սևրի պայմանագրին: Այս հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:

– Պարո´ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախագահի հայտարարությանը: Եթե տարածքային պահանջներ չունենք, այդ դեպքում պահանջատիրությունն ինչպե՞ս է դրսևորվում:

– Իրողությունն այն է, որ անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում մեր որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում` մեր երեք նախագահները, երբեք տարածքային պահանջներ չեն ներկայացրել, մեր քաղաքական օրակարգում դա չկա: Նորմալ եմ վերաբերվում, բայց ասեմ, հետևյալը, որ այսօր մեր արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչումն է, դատապարտումը, բայց կա մեկ բան` Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվել է լիարժեք կենսագործության իր հնարավորություններից, և պետք է նաև քննարկել այն մեխանիզմներն ու այն փաթեթը, որոնք հայ ժողովրդի իրավունքները կբարձրացնեն: Սա ապագայի խնդիր է, բայց մնացյալը մեր քաղաքական օրակարգն է: Աշխարհի բոլոր ծայրերում այս օրերին   հարյուր հազարավոր հայեր միանում էին «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին և պահանջների մեջ կար նաև իրավունքների պահանջը: Պետությունն այսօր չի կարող նման պահանջներ ներկայացնել և կարծում եմ` դա ճիշտ է, բայց մեր ժողովուրդն ունի այդ իրավունքները: Նախագահն ասում է, որ այսօր օրակարգում նման հարց չկա, բայց դա չի նշանակում, թե չի լինելու:

– Համահայկական հռչակագրում տարածքների վերադարձման մասին նշված է` հղում անելով Սևրի պայմանագրին, այս տեսանկյունից հակասություն չեք տեսնո՞ւմ:

– Հակասություն մի փնտրեք: Համազգային հռչակագիրը համազգային էր, որը պետության խոսքը չէ և հայության տարբեր հատվածների համատեղ արված հայտարարություն էր: Այնտեղ շարադրված են այն բոլոր հիմնարար փաստաթղթերը, որոնք կան այս հարցի վերաբերյալ, այդ թվում` Սևրի դաշնագիրը: Մեկը մյուսին հակասել պետք չէ, բայց կա հայ ժողովուրդը, իսկ Ցեղասպանության հետևանքով մենք զրկվել  ենք լիարժեք կենսագործելու մեր հնարավորություններից և դա վերականգնելու համար երբեք ուշ չէ:

– Այս հարցի բարձրացման իրավական կողմերը որո՞նք են:

– Վերջին տարիներին շատ է խոսվում այդ թեմայով, և կան պրոֆեսիոնալ իրավաբանների մի քանի խմբեր, այդ թվում` Դաշնակցության անդամների, ովքեր ուսումնասիրում են միջազգային իրավունքի տեսակետից միջազգային հարթությունում հարցը բարձրացնելու և քննարկելու խնդիրը, որն աշխատանք է ենթադրում: Պետք է լինի ոսկերչական ճշգրիտ աշխատանք:

– Կիլիկիայի կաթողիկությունն արդեն իսկ տարածքի վերադարձման պահանջ է ներկայացրել: Ճի՞շտ ժամանակին եք համարում նման դիմումը:

– Բնաբանաբար, կոնկրետ խնդիր է, այստեղ կա նաև անհատական հարցեր, բազմաթիվ դատական հարցեր են եղել այս առումով: Խնդիրն այստեղ Թուրքիայի այսօրվա քաղաքական ղեկավարության մտածողությունն է և, ցավոք, նրանք չեն կարողանում հաշտվել իրենց անցյալի հետ: Ես կարծում եմ` սա առաջին հերթին անհրաժեշտ է թուրք ժողովրդին, ինչպես գերմանացիները կարողացան ազատվել այդ բեռից և այսօր աշխարհում լուրջ դերակատար են: Թուրքիան, մինչև դա չկարողանա անել, բարոյական և հոգեբանական այդ բեռն ունենալու է, դա առաջին հերթին իրենց է անհրաժեշտ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս