«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մինչ ապրիլի 24-ը խոսում էին, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինելու կտրուկ փոփոխությունների: Մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում խոսվում է, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող են նշանակել Գերմանիայում դեսպան:
Այդտեղ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վաղամեռիկ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էր, եւ նրա մահից հետո պաշտոնը մինչ օրս թափուր է: Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսում են, ՀՅԴ ներկայացուցչին ԿԳ նախարար նշանակելն է, այս առումով շոշափվում է բազմակի չեմպիոն Լեւոն Մկրտչյանի անունը: Ճամպրուկային տրամադրություններ են նաեւ արդարադատության նախարարությունում, ըստ այդ լուրերի՝ Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին, իբրեւ բացառիկ ու անգնահատելի դիվանագետի, հիմա էլ ուզում են որպես դեսպան ինչ-որ եվրոպական երկիր ուղարկել:
Թեեւ ամիսներ շարունակ քննարկվում էր, թե նրան նորից կտանեն հին աշխատավայր՝ վճռաբեկ դատարանի նախագահ: Արդարադատության նախարարի պորտֆելը եւս, ըստ նախնական քննարկումների, բաժին կհասնի ՀՅԴ-ին: Սակայն սա չի նշանակում, որ ՀՅԴ-ն մինչ օրս անամոթաբար ստել է՝ ասելով, թե բացառվում է կոալիցիա մտնելը, քանի որ մասնավոր անձանց պաշտոններ ստանալը չի ձեւակերպվելու փաթեթի մեջ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: