Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը, որը տեղի է ունեցել hոկտեմբերի 13-14-ը Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում, հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին, այս մասին տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
 
Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։
 
Հայաստանի անդամակցության որոշումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել գագաթաժողովին և ասել, որ իր համար ,մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանկոֆոնիայի տասնչորսերորդ գագաթաժողովին, որտեղ Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամե։
 
“Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության այս արտահայտության համար և գոհունակություն՝ մեր երկրի՝ ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, երկխոսության և համագործակցության այս լայն հարթակին միանալու կապակցությամբ”,- ասել է նա:
Արտգործնախարարը նաև նշել է, որ “հպարտ ենք, որ հայկական քաղաքակրթությունը, մշակույթն ու լեզուն իրենց տեղն են գտնելու մշակութային և լեզվական բազմազանությամբ հարուստ ֆրանկոֆոնիայի ընդհանուր ժառանգության մեջ”։
 
“Հայտնի է, որ Հայաստանը Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ կապում են առանձնաշնորհյալ հարաբերություններ: Մեր երկրների, մեր ժողովուրդների ճակատագրերը շաղկապված են, ժամանակի փորձությունն անցած և կոփված խաղաղության, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառությամբ:
Կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանը կկարողանա առավել ամրապնդել և խորացնել իր համագործակցությունն անդամ երկրների հետ, ակտիվորեն մասնակցել Ֆրանկոֆոնիայի աշխատանքներին, գործել համերաշխության և ընդհանուր արժեքներին հավատարմության ոգով։
Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին ակտիվ ջանքեր է գործադրելու միջազգային բեմահարթակում կազմակերպության դերն առավել ամրապնդելու ուղղությամբ”,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։
 




Լրահոս