«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես Հրանուշ Հակոբյանը «շախով-շուխով» դիմավորեց 20-ամյա առաջին հայ տիեզերագնացին, և այդ մասին հպարտ հաղորդագրություն տարածեցին: Ապա «Մայրենի դեսպան» հուշամեդալով հետմահու պարգևատրեց Մեսրոպ Մաշտոցին: Իսկ վերջերս էլ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ «100 բարձ՝ ապրելու համար», ասեղնագործ բարձեր էին նվիրում Սփյուռքի մեր հայրենակիցներին: Իհարկե, վաղուց արդեն որևէ մեկը տրամաբանություն չի փնտրում սփյուռքի նախարարության գործողությունների մեջ, սակայն ցավալի է, որ մեր վճարած հարկերով այս կառույցում «թիթեռ են նկարում»:
Օրերս էլ սփյուռքի նախարարության կայքում հայտնվեց հետևյալ վերտառությամբ հաղորդագրությունը. «Հայ ամենաբարձր պաշտոնյա կինը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում», իսկ այդ կինը Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իգաբել Դինգիզյանն է: Այս քայլը կարող է թանկ նստել Հրանուշ Հակոբյանի վրա, քանի որ սրանով նա ցույց է տալիս, որ իր համար հայրենի խորհրդարանն ավելի նվաստ է, քան այլ երկրինը: Տիկին նախարարն Իզաբել Դինգիզյանին ամենաբարձր հայ կին պաշտոնյա հռչակելուց առաջ պետք է հիշեր, որ նույն պաշտոնին է նաև հարազատ ՀՀԿ-ի կանանց խորհրդի նախագահ Հերմիևե Նաղդալյանը: Կների Հերմինե Նաղդալյանը Հրանուշ Հակոբյանին, թե ոչ, դժվար է ասել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: