Armlur.am-ը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտնի Դոգ մականունով նախկին ոստիկանն է, ում անվան շուրջ բազմաթիվ աղմկահարույց դեպքեր են շրջանառվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը 2013 թվականին շորթում կատարելու համար, այսպես կոչված, հանցավոր խումբ է կազմել Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ: Այս եռյակը նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից շորթել են 1 մլն դրամ:
ՀՔԾ-ն հայտնում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը և իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել 1 մլն դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություննե:
Այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր: Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել և 2013թ. օգոստոսի 22-ին և 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. դրամ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով (շորթումը` մի խումբ անձնաց կողմից) մեղադրանք էր առաջադրվել նաև Արթուր Մարգարյանին և Հովհաննես Եսայանին:
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: