Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևն օրեր առաջ հայտարարել էր, թե ԵՏՄ-ի հանդեպ հետաքրքրությունն աճել է և հավելել էր, թե այն առկա է նաև Թուրքիայի մոտ: Թուրքիայի` ԵՏՄ անդամակցության հնարավորության մասին Armlur.am-ը զրուցեց Եվրասիական ինտեգրման հարցերով փորձագետ Յուրի Սամոնկինի հետ:
– Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օրեր առաջ հայտարարել էր, թե Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերել ԵՏՄ-ի նկատմամբ: Հավանակա՞ն համարում եք, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՏՄ-ին:
– Իմ կարծիքով, Թուրքիայի ինտեգրումը տնտեսական միությանը խոստումնալից է թվում, հատկապես, երբ ուսումնասիրում ենք նոր գազային նախագիծը: Այս նախագիծը պետք է իրականացվի հենց Թուրքիայի միջոցով և, իհարկե, դա ձեռնտու է Թուրքիային: Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ամեն րոպե կարող է փոխել զարգացման վեկտորը: Սակայն երկու բարդ խնդիրներ են ի հայտ գալիս: Առաջին հերթին, Հայաստանը 2015թ. հունվարից հանդիսանում է ԵՏՄ լիիրավ անդամ, իսկ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը ոչ ոք չի մոռացել:
Երկրորդ, Թուրքիային դժվար կլինի Հայաստանին համոզել իր անդամակցության հարցով: Եթե Թուրքիան դառնա ԵՏՄ անդամ, ապա կկարողանա՞ հրաժարվել ԵՄ անդամակցության մտքից: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, այսպիսի հնարավորությունը բավականին բարդ է: Սակայն, անկախ ամեն ինչից, կարելի է քննարկում կազմակերպել և հասկանալ, թե Թուրքիան ինչպես կարող է ամրապնդել իր դիրքերը:
– Իսկ ինչպե՞ս կարող է ազատ առևտուր կազմակերպել միությունում, եթե հայ-թուրքական սահմանը փակ է:
– Երբ Թուրքիան դառնա ԵՏՄ անդամ, սահմաններն աստիճանաբար կջնջվեմ և կլինի առևտրի և փոխանակումների միասնական տնտեսական շուկա: Սահմանների փակ լինելը ոչ թե խնդիր է, այլ տեխնիկական հարց:
– Իսկ Հայաստանը կարո՞ղ է այնպես անել, որ Թուրքիան չդառնա ԵՏՄ անդամ:
– Հայաստանը հանդիսանում է ինտեգրացիոն նախագծի լիիրավ մասնակից: Նոր երկրների անդամակցումը միությանն իրականացվում է կոլեգիալ, դեմոկրատական հիմունքներով: Եթե մեր հայ ընկերները չցանկանան Թուրքիային տեսնել այս միությունում, ապա նրանք լիիրավ իրավունք ունեն այս հարցի քվեարկության ժամանակ «վետո» դնել: Եվ Հայաստանի ձայնն ի գիտություն կընդունվի ԵՏՄ մյուս անդամ պետությունների ձայների հետ միասին: Ամեն ինչ կախված է այդ երկրների քաղաքական կամքից:
Նաիրա Հովհաննիսյան