Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի դումայի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները. “Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը ինչպես մշակութային, զբոսաշրջության զարգացման, այնպես էլ բիզնես ոլորտներում: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին”,- նշել է Տարոն Մարգարյանը: 
Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման համակարգը, ինչպես նաև Երևանում ընթացող քաղաքաշինական ծրագրերը, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանի դիրքորոշումը ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելն է և քայլեր են կատարվում մոտեցումները օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովը իր հիացմունքն է արտահայտել Երևանի օրվա տոնակատարության կապակցությամբ, առանձնացնելով, որ հատկապես տպավորված է տոնական միջոցառումներին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: 
Ռիգայի դումայի նախագահը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման առումով, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Երևանի և Ռիգայի միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. “Մայրաքաղաքների խնդիրները գրեթե նույնն են և այսօր առկա են բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար”,- նշել է Ռիգայի դումայի նախագահը: 
Տեղեկացնելով, որ 2014թ-ին Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Նիլ Ուշակովը գրքի համաշխարհային մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպող միջոցառումներին: 
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանյան կողմի պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռիգայում 2014թ-ին նախատեսվելիք միջոցառումներին: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս