Այսօր խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց մասնավոր բուհերում սովորող ուսանողների հարցը:
«Սահմանամերձ համայնքներում ուշադրություն դարձնելու գործընթացը ի՞նչ ձև է կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, և այն ուսանողները, որոնք պետք է ստանային աջակցություն, ի՞նչ է եղել: Վերոհիշյալ ուսանողների դեպքում դա կարևոր է, ինչո՞ւ համար մասնավոր բուհերի ուսանողները ընդգրկված չեն այս ծրագրում: Նրանք ևս ապրում են սահմանամերձ համայնքներում», -հարց ուղղեց նա:
Հարցին պատասխանեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Հստակ ամրագրված են բոլոր այն սոցիալական խմբերը, որոնց համար պետությունը իրականացնում է կրթության զեղչ: Ինչ վերաբերում է երիտասարդական հիմնադրամին, ապա նրանց կողմից իրականացված ծրագրերը նպատակ ունեն օգնելու այն մարդկանց, ովքեր սովորում են հավատարմագրված պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում», – նշեց նա:
Նախարարն ընդգծեց, որ հիմնադրամի դոնորներ են հանդիսանում պետական բուհերը և իրենց քաղաքականությունն ուղղված է աջակցություն ցուցաբերել հենց դոնոր բուհերին: Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց այդ մասին մանրամասն տեղեկանալ հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանին: Ի պատասխան Վահե Էնֆիաջյանը նշեց.
«Կարեն Ավագյանի տեղը ես լավ գիտեմ, և եթե հարցս ուղղելու լինեի նրան, ես կուղղեի նրան: Պատահական չէ, որ հարցս ուղղել եմ կառավարությանը, քանի որ անդամներ կան, ովքեր հոգաբարձուների խորհրդում են: Այդ գումարներն իրենց նպատակին ծառայում են, թե ոչ, իհարկե չեն ծառայում»:
Արմեն Աշոտյանն էլ արձագանքեց. «Քանի որ հարգարժան պարոնը դուրս եկավ իր ուղղած գրավոր հարցերի պատասխաններից, ինձ դուր չեկավ նաև հարցի տոնայնությունը»: