
Վրաստանի նախարարների կաբինետը ավտոմատ կերպով հրաժարական է տվել այն բանից հետո, ինչ նախարարի պաշտոնից հեռացել է Սպորտի ու երիտասարդության նախարար Լևան Կիպիանին: Նա դարձել է 7-րդ նախարարը, ով հեռացել է կառավարությունից, իսկ համաձայն Վրաստանի սահմանադրության՝ 20 նախարարներից 1/3-ի հրաժարականի դեպքում, կառավարությունը պետք է նորից ստանա խորհրդարանի վստահության քվեն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Խորհրդարանի ներկայացուցիչ Դավիթ Ուսուպաշվիլին պարզաբանել է, որ համաձայն սահմանադրության՝ նոր նախարարներ նշանակելու իրավունքը պատկանում է երկրի գործող վարչապետին: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի խորհրդարանը: Իսկ եթե օրենսդիր մարմինը չհաստատի նախարարների կաբինետի նոր կազմը, նախագահը իրավունք ունի ցրելու խորհրդարանն ու նշանակելու նոր խորհրդարանական ընտրություններ: