Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ կուսակցությունների կողմից ներկայացվող առաջարկությունների վերջնաժամկետ է սահմանված մայիսի 5-ը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ բացի ՀՅԴ-ից ոչ մի կուսակցություն առաջարկներ չի ներկայացրել: Armlur.am-ը փորձեց Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանից պարզել` ինչու՞ հանձնաժողովին առաջարկներ դեռ չեն ներկայացվել:
-Պարոն Արսենյան, ինչո՞ւ կուսակցության կողմից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ չեն ներկայացվել:
– Ամեն ինչ իր ժամանակն ունի:
– Այսօրվա դրությամբ ոչ մի առաջարկ չի ներկայացվել: Առաջարկները նախապատրաստակա՞ն փուլում են:
-Այո, մենք լուրջ բաներ ենք մտածել այդ ուղղությամբ:
– Բայց մինչև մայիսի 5-ը վերջնաժամկետ կա:
– Դա հանձնաժողովի վերջնաժամկետն է: Երբ որ տեքստը կլինի, այդ ժամանակ էլ կխոսենք: Մեզ համար էական չէ` խորհրդարանական, թե կիսանախագահական կառավարման համակարգ կլինի, որովհետև դա ամենակարևոր բանը չէ: Խորհրդարանական էլ կարա լինի հիանալի, կարա լինի այլանդակ, նախագահականն էլ` հիանալի-այլանդակ: Երբ տեքստում կլինի կառավարման համակարգի վերաբերյալ ծրագիր, հստակ ձևակերպումներ, այդ ժամանակ մենք մեր կարծիքը կասենք: Մենք որևէ համակարգի ֆանատ չենք: Բովանդակությունն է կարևոր:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բովանդակային քննարկման մեջ չի մտնի իշխանությունների հետ և որևէ առաջարկ չի ներկայացնի հանձնաժողովին, քանի որ վերջինիս կողմից կուսակցության պահանջները չեն կատարվել: