SYSTEM OF A DOWN-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը` Սերժ Թանկյանի գլխավորությամբ, երեկ ժամանեց Երեւան: Այս խմբի բոլոր անդամները` Սերժ Թանկյանը (մենակատար), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Տարոն Մալաքյանը (կիթառահար) եւ Շավո Օդադջյանը (բաս կիթառահար) ամերիկահայեր են: Հանրահայտ այս խումբը որոշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային շրջագայության եզրափակիչ համերգն անցկացնել Երեւանում. այն կկայանա Հանրապետության հրապարակում, վաղը՝ ժամը 20:00-ին: Եւ այս միջոցառումը եւս, ինչպես աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի՝ Կարապի լճի մոտ ունեցած հանպատրաստի համերգը, կլուսաբանվի աշխարհի առաջատար շատ լրատվամիջոցներով: Նկատենք, որ այս խումբը, եւ հատկապես Սերժ Թանկյանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեծ գործեր են արել: Մեզ մնում է միայն արժանավայել ընդունելություն կազմակերպել նրանց համար:

 

 

 

 

Վերջին օրերին պարբերաբար շրջանառության մեջ է դրվում այն լուրը, թե առաջիկայում Կառավարության փոփոխությունից հետո ՀՀ վարչապետ է դառնալու ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը: Սակայն այս լուրերը մի «թերություն» ունեն, որի մասին տարածողները հաստատ չեն մտածել. «Ժողովուրդ»-ը ցանկանում է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացի: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է (նա նույնիսկ երկքաղաքացի չէ): Հավելենք, որ չնայած մեր երկրում առկա ապրիլքսանչորսյան տրամադրություններին, այնուամենայնիվ, գործադիրի անդամների մեծ մասը, կարելի է ասել, չի աշխատում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարների մեծ մասը սպասողական վիճակում է, քանի որ իշխանական կուլիսներում համառ լուրեր են շրջում, որ առաջիկայում Կառավարությունը փոխվելու է: Շատերը փորձում են միջնորդներ գտնել, որպեսզի պահպանեն իրենց աթոռները:

 

 

 

 

Երեկ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» խորհրդարանի հայտարարության քվեարկության արդյունքում պարզ է դարձել, որ ՀԱԿ խմբակցության քաղաքական գիծն այլեւս պաշտպանում են միայն համանուն կուսակցության անդամ հանդիսացող երեք պատգամավորները` Լեւոն Զուրաբյանը, որը նաեւ խմբակցության ղեկավարն է, Արամ Մանուկյանը, որը խմբակցության քարտուղարն է, եւ Գագիկ Ջհանգիրյանը: ՀԱԿ կուսակցության ղեկավարությունը հայտարարել էր, թե խորհրդարանի կողմից Ցեղասպանության առնչությամբ հայտարարության ընդունումը ճիշտ չի համարում, եւ նշված պատգամավորները երեկ չէին ներկայացել ԱԺ: Իսկ ՀԱԿ խմբակցության մյուս անդամները՝ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցեցին նիստին եւ կողմ քվեարկեցին նախագծին: Արդյունքում նախագիծն ընդունվեց միաձայն. արտահերթ նիստին մասնակցող բոլոր 113 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին փաստաթղթին:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները վերջին օրերին փորձում են քրեական աշխարհի ներկայացուցիչների միջոցով ճնշումներ գործադրել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանքի տակ գտնվող անդամների վրա: Ըստ այդ լուրերի՝ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիան դատապարտվածների շրջանում լուրեր է տարածում, թե իբր եթե «Հիմնադիր խորհրդարանի» գործոնը չլիներ, ապա մինչեւ ապրիլի 24-ը համաներում էր լինելու: Բայց համաներում չի լինի, քանի որ այդ դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւս ազատ կարձակվեն: Այդ պատճառով քրեական տարրերը սկսել են խնդիրներ առաջացնել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների համար՝ ասելով, թե նրանց պատճառով իրենք մնացել են բանտում: Կալանավորվածների պաշտպան Տիգրան Եգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ հավելելով. «Այս տեսանկյունից «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից առավել վտանգված են Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուքասզյանը, քանի որ նրանք գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»:

 

 

 

 

ԵՐԵՍՊԱՇՏԱԿԱՆ

Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին օրերի հուժկու ընթացքը երեկ է՛լ ավելի հզորացավ եւս երկու երկրների` Ավստրիայի եւ Բոլիվիայի խորհրդարանների ընդունած բանաձեւերի շնորհիվ: Ապրիլի 24-ին էլ, ինչպես արդեն նշել ենք, սպասվում է այս փուլում գործընթացի ամենակարեւոր հանգրվանը` ի դեմս Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունվելիք բանաձեւի, որում 1915թ. կատավածը որակվելու է որպես ցեղասպանություն: Բացի այդ` կա ակնկալիք, թեեւ ոչ մեծ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի վերջո, իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը:
Բնականաբար Թուրքիան գործադրում է բոլոր հնարավոր միջոցները` կանխելու գոնե այս երկու ճանաչումները, որոնցով, ըստ էության, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարելի կլիներ համարել ավարտված: Երեկվանից ԱՄՆ-ում է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, որն այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղարի հետ` փորձելով համոզել ԱՄՆ վարչակազմին ձեռնպահ մնալ այդ քայլից: Չավուշօղլուն, սակայն, փոխել է վերջին օրերի իր հռետորաբանությունը եւ երեկ Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում վերհիշել է «ընդհանուր ցավի» մասին թուրքական վարչակազմի` վերջին մեկ տարում որդեգրած թեզը: «Թուրքիան կիսում է հայերի ցավը, թուրքական կողմը հավատում է հայ ժողովրդի հետ երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորման հնարավորությանը,-ասել է Մեվլութն ու դարձյալ հիշատակել Թուրքիայի նախորդ եւ ներկա վարչապետների հայտարարությունները,- Մենք խիզախ քայլեր ենք կատարել հաշտեցման ուղղությամբ, եւ հույս ունեմ, որ մեր հայ բարեկամները դա նույնպես հասկանում են»:
Դրանից քիչ առաջ էլ տարածվել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որում դարձյալ կրկնվում են Էրդողանի` նախորդ տարի հրապարակած ուղերձի երեսպաշտական ձեւակերպումները, որոնք, սակայն, վերահաստատում են Թուրքիայի ժխտողականությունը: Ընդամենը օրեր առաջ Հռոմի պապի հայտարարությունը «զառանցանք» որակող եւ լկտի ինքնավստահությամբ աշխարհի բոլոր երկրներին Թուրքիային որեւէ բան չպարտադրելու զգուշացում անող Դավութօղլուի այս հայտարարության նպատակը մեկն է` փորձել կանխել Գերմանիայի Բունդեսթագի ընդունելիք բանաձեւում «ցեղասպանություն» բառի կիրառումն ու հավաստիացումներ տալ ԱՄՆ-ին, որ իրենք քայլեր կանեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Կհաջողվի դա արդյոք Թուրքիայի իշխանություններին, պարզ կդառնա արդեն երկու օրից: Մեկ բան, սակայն, հստակ է՝ 100-ամյա այս տարելիցն իրապես դառնում է ոչ թե մեր պայքարի ավարտ, այլ ընդամենը վերաիմաստավորման հանգրվան` առաջիկայում ոչ միայն ճանաչման, այլեւ պահանջատիրության գործընթացն առաջ տանելու համար:




Լրահոս