«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, օգտագործելով իրենց մասնագիտական հմտությունները, կարողանում են գործել ճանապարհային ոստիկանության դեմ: Նրանք հակընդդեմ հայցերով հասնում են այն բանին, որ կա՛մ տուգանքների բռնագանձման պահանջով դատարան դիմած ՃՈ-ն հետ է վերցնում իր հայցը, կա՛մ էլ վերանայում է այն: Փաստորեն, դատավորները բավականին մեծ վարպետություն են դրսեւորում` խախտված իրավունքների վերականգնման հարցում, ափսոս որ այդ ջանասիրությունը դրսեւորվում է գերազանցապես սեփական իրավունքների դեպքում:
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ գրել էր, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել էր դատարան՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանից 25 հազար դրամ գումար բռնագանձելու պահանջով: Սակայն դատավոր Նախշուն Տավարացյանն էլ իր հերթին էր հակընդդեմ հայց ներկայացրել ճանապարհային ոստիկանության դեմ՝ տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պահանջով: Դատավորին վրդովեցրել էր այն հանգամանքը, որ անգամ 25.000 դրամի համար արգելանք էր դրվել իր հաշիվների վրա: Ավելին՝ մեզ հետ զրույցում դատավորը ճանապարհային ոստիկանությանն առաջարկել էր հրաժարվել հայցից:
Դատավորի եւ ոստիկանության վեճի հանգուցալուծումը
Պարզեցինք, որ ՀՀ վարչական դատարանում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը հայտնել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն իր տուգանքի մասին որոշումն ուղարկել է այն հասցեով, որտեղ ինքը 2009 թվականից չի բնակվում: Ըստ դատավորի` չնայած այս ամենին, որոշումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ինքը կատարել է ՃՈ պահանջը, ուստի հաշվի առնելով այս հանգամանքը՝ բացակայում է տուգանքի գումարի չափը հնգապատկելու հիմքը: Արդյունքում, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Վարդանյանը, լսելով դատավորի պատճառաբանությունը, 2014 դեկտեմբերի 17-ին նոր դիմում է ներկայացրել դատարան` պահանջելով դատավորից 25.000 դրամի փոխարեն բռնագանձել 10.000 դրամ:
Թվում էր, թե դատավորը գոնե այդ դեպքում կմեղմանա եւ կկատարի ՃՈ պահանջը, սակայն պարզվում է` ավելի ուշ՝ 2015թ հունվարի 22-ին, ճանապարհային ոստիկանությունը հրաժարվել է իր հայցից: Իսկ ինչ էր մնում այս գործը քննող դատավոր Ա. Դարբինյանին, ոչ ավել, ոչ պակաս` կարճել գործը:
Նկատենք, որ սա միակը դեպքը չէ, երբ դատավորը կարողանում է փակուղի մտցնել ճանապարհային ոստիկանությանը:
Հայտնի դատավորի տուգանքները
Պարզվում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը եւս հայտնվել է ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ 2013 հոկտեմբերի 7-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով դատավոր Մխիթար Պապոյանից բռնագանձել 150.000 դրամ: Մխիթար Պապոյանն էլ իր հերթին է հակընդդեմ հայց ներկայացրել դատարան` ՃՈ գործողությունները համարելով ոչ իրավաչափ: Դատավոր Պապոյանը դատարանում հայտնել է, թե ճանապարհային ոստիկանությունն իր տուգանքի մասին որոշումն ուղարկել է այն հասցեով, որտեղ ինքը չի բնակվում, ուստի որոշումն ստացել է այլ անձ: Դատավոր Ա. Հարությունյանը լսելով կողմերին՝ հասկացել է, որ դատավորի մեղքի բաժինը կատարվածում չկա: Ուստի ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ Մխիթար Պապոյանի՝ 150.000 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է, իսկ Պապոյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սա դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. Մ. Պապոյանը կրկին է հայտնվել ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում: 2013թ. դեկտեմբերի 9-ին ճանապարհային ոստիկանությունը, դիմելով ՀՀ վարչական դատարան, Մ. Պապոյանից պահանջել է 50.000 դրամ: Արդյունքում, Մ. Պապոյանը հերթական անգամ հակընդդեմ հայց է ներկայացրել ճանապարհային ոստիկանության դեմ, որն էլ ավելի ուշ ավարտվել է գործը կարճելով:
Եթե Մ. Պապոյանը կամ Ն. Տավարացյանը լինեին հասարակ քաղաքացիներ, դժվար թե դատարանում հաղթեին այնպես, ինչպես հիմա` դատավորի կարգավիճակում: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ հասարակ քաղաքացիների նկատմամբ հենց նույն՝ ՃՈ ներկայացրած հայցերը դատարանների կողմից բավարարվում են` չնայած դրա համար իրական հիմքերի ակնհայտ բացակայությանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՌԵԺԻՄԻ ՁԵՌԱԳԻՐԸ
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված 5 անդամները` Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քրեակատարողական հիմնարկներում խնդիրներ ունեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում, իրավապահներն այցելել էին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների բնակարաններ, խուզարկություններ իրականացրել, իսկ ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել էին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հայտնվել են անցանկալի վիճակում: Բանն այն է, որ ՔԿՀ-ներում գտնվող քրեական հեղինակությունների ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում «Հիմնադիր խորհրարան»-ի անդամների համար:
Իսկ ի՞նչն է պատճառը: «Ժողովուրդ»-ին քրեական աշխարհի մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ պատճառը համաներում հայտարարելու որոշման հետաձգումն է, որի մեղավորները իբրեւ թե «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն են: Բանն այն է, որ ամիսներ շարունակ մամուլում, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում, տեղեկություններ էին տարածվել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Բայց քանի որ մինչ ապրիլի 24-ը ընդունված համաներման որոշմամբ հնարավոր է նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամները եւս ազատ արձակվեն, ուստի համաներում հայտարարելու որոշան ընդունումը հետաձգվում է:
Կալանավայրերում իրենց օրերը մաշեցնող շատ բանտարկյալների զայրացրել է այս հանգամանքը, եւ վերջիններս սկսել են «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին անհանգստացնել: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, մեկնաբանելով ՔԿՀ-ներում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ ոտնձգությունների մասին տեղեկությունները, վստահեցրեց, թե նման բան չկա:
Իսկ, ահա, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների պաշտպան Տիգրան Եգորյանը ասաց, որ իրենք շատ մտահոգված են. «Նման բան հնարավոր է եւ պրակտիկայում տարածված է: Շատ հաճախ իշխանությունները այսպիսի էժան հնարքների դիմելով՝ փորձում են իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Այս տեսանկյունից «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից առավել վտանգված են Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուքասզյանը, քանի որ նրանք չեն գտնվում Վարդաշենի ՔԿՀ-ում, այլ գտնվում են Նուբարաշենի ՔԿՀ-ում, որտեղ պահվող անձանց գերակշիռ մեծամասնությունն այլ բարոյականության նորմերի է դավանում: Այսպես ասած, քրեական աշխարհին պատկանող նորմերին: Մենք մտահոգված ենք քրեական աշխարհի քաղաքական հայացքների տեր անձանց վերաբերմունքի հնարավոր դրսեւորումներով եւ լուրջ մտավախություններ ունենք»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ
Ազգային անվտանգության ծառայությունը տեւական ժամանակ գաղտնալսել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի անձնական եւ բնակարանի հեռախոսազանգերը, որոնց արձանագրություններն էլ հիմք են հանդիսացել, որ Սէֆիլյանին մեղադրանք առաջադրվի:
Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը, ԳԱԼԱ-ին ասել է, թե իրենք գրեթե վստահ են եղել, որ գաղտնալսվում են: Բայց այն, որ այդ արձանագրությունները հիմք հանդիսանային մեղադրանք առաջադրելու համար, ըստ Նանոր Սէֆիլյանի, ծիծաղելի է: Քանի որ դրանք ոչ մի առնչություն չունեն զանգվածային անկարգություններ կազմակերպելու հետ։ «Ուղղակի ծիծաղս գալիս է: Մարդիկ հեռախոսազրույցի հիման վրա կալանք են տալիս: Մենք հո միամիտ չէինք, հո գիտեինք, որ լսում են, ինչ պիտի խոսեինք հեռախոսով»:
ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 05:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: Շուրջ քառորդ ժամ տեւած մարտերի արդյունքում դիվերսանտները դեպքի վայրում են թողել արյան բազմաթիվ հետքեր ու զինամթերք եւ ճողոպրել ելման դիրքերը: Ըստ հավաստի տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ եւ վիրավորներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ԼՐԱԳՐՈՂԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Նախօրեին լրագրող Արմենակ Դավթյանի ձերբակալությունը, ըստ քննչական կոմիտեի, որեւէ կապ չունի նրա լրագրողական գործունեության հետ: Դավթյանի դեմ բողոք է ներկայացրել մի քաղաքացի, ում փոխանցմամբ դեռեւս 2011 թվականին Ա. Դավթյանը մոտ 23 մլն դրամ գումար է վերցրել իրենից եւ չի վերադարձրել: Նշենք, որ քաղաքացին բողոք է ներկայացրել այս տարվա փետրվարին, ինչի հիման վրա քննություն է կատարվել: Ապրիլի 4-ին Արմենակ Դավթյանին ձերբակալելու որոշում է կայացվել, եւ նախօրեին նա ձերբակալվել է: Արմենակ Դավթյանը պաշտպան ունենալու ցանկություն է հայտնել, եւ նրա հարցաքննությունը դեռեւս չի կայացել` փաստաբան չունենալու պատճառով: Հավելենք, որ Արմենակ Դավթյանը որոշ ժամանակ առաջ աշխատում էր Արթուր Հարությունյանի (Պալաչ) «Աբովյան TV»-ում որպես լրատվական բաժնի պատասխանատու:
ԽԻՍՏ ՊԱՏԻԺ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Վարդան Պետրոսյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը երեկ վերաքննիչ դատարանից պահանջել է ավելի խիստ պատիժ կիրառել դերասանի նկատմամբ՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանի` 5 տարվա ազատազրկման վճիռը մեղմ է: Նա, սակայն, չի հստակեցրել, թե քանի տարվա ազատազրկում է պահանջում վերաքննիչ ատյանից:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, միանալով դատախազի այս պահանջին, ասել է, թե հարկ է 6 տարվա ազատազրկման դատապարտել Պետրոսյանին եւ նրան զրկել վարորդական իրավունքից ոչ թե 2, այլ 3 տարով: