Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ օրերս Աժ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարում: «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարի հարցը մնում է»,- շեշտել էր Հրիսթեան: Դեսպանի ասածն, իհարկե, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ հայտարարությունն ուշագրավ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու նախաձեռնության ֆոնին:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե խորհրդում մեկական ներկայացուցիչ կարող են ունենալ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, եւս 2 ներկայացուցիչ՝ կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները:
Վարչապետի հայտարարությունից հետո Կառավարությունից նամակներ էին ուղղարկվել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ տեղեկացմամբ, որ խմբակցությունները կարող են իրենց անդամն ունենալ խորհրդում: Սակայն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդի աշխատանքներին, քանի որ իրենց առաջարկություններն ունեն խորհրդին ու ընդհանրապես չեն հավատում այդ կառույցի կյանքի կոչմանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք խորհրդում կունենան իրենց անդամը, որպեսզի կողմնորոշվեն հետագա դիրքորոշման հարցում: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդից ու արդյոք կիսում են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի տեսակետը, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
-Պարո՛ն Մելքումյան, Ձեր խմբակցությունը միակն է, որ համաձայնել է ՀՀ Կառավարության կողմից ստեղծվելիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ ունենալ: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, կարծում եք՝ Կառավարությունը կկարողանա՞ այդ խորհուրդի միջոցով որեւէ արդյունք արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
-Մենք բազմիցս ասել ենք, որ մենք այդ կառույցի հետ կապված ունենք մեր մոտեցումները, մենք գնալու ենք ու այդ խորհրդում դրանք շարադրենք, ներկայացնենք այն, ինչ մեր դիրքորոշումն է լինելու այդ հարցում: Եթե կընդունեն, ուրմեն կընդունեն, եթե չեն ընդունի, ապա դժվար չէ դուրս գալը այդ խորհրդից: Մենք ունենք մեր մոտեցումները, թե ինչպես ենք պատկերացնում ե՛ւ դրա դեմ պայքարը, ե՛ւ համակարգային մոտեցումները ու մենք մեր մոտեցումները կասենք: Դրանք քննարկվել են կուսակցությունում՝ սկսած ոլորտայինից մինչեւ ֆունկցիոնալ, այսինքն՝ ոչ թե պետք է հայտարարենք, թե այսինչ ոլորտում այսպես է, ու պետք է հետեւից գնանք, այլ համակարգային լինի այդ ամենը: Ես այսպես եմ կարծում՝ ասենք թե իշխանությունը չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ, այդ դեպքում նման խորհուրդ ստեղծում է, որ ի՞նչ անի: Եթե դա կյանքի չկոչվի, դա իրեն է, չէ՞, մինուսներ գալու: Ես չեմ ասում, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ է, որեւէ մեկի տեսակետը ես չեմ կիսում կամ անտեսում, բայց պետք է փորձել: Եթե ի վերուստ այդպես լիներ, ուրեմն այդ դեպքում մենք ինչո՞ւ էինք ՀՀ-ում օրենքներ ընդունում: Եթե, ասենք, օրենք է բերվում խորհրդարանում, ապա ընդդիմությունը եւ մյուսները վատ են արտահայտվում այդ օրենքի մասին, ուրեմն ինչո՞ւ ենք մենք այդ օրենքը ընդունում, նույն բանն է ստացվում:
-Բայց մյուս ուժերը չեն հավատում կոռուպցիայի դեմ պայքարելու ՀՀ Կառավարության ցանկությանը…
-Ախր սա հո էն մուլտիպլիկացիան չի… որ բոլորն իրար հետեւից գնում, ընկնում են հողը, հիմա մենք մեր տեսակետն ունենք, կգնանք ու մեր հարցադրումները կանենք: Ուրեմն սկսած այդ խորհրդում որոշում ընդունելու մեխանիզմից, վերջացրած ժամանակացույցով, թե ինչքան ժամանակահատվածում որ միջոցառումը կանեն, եթե չլինի մեր դիրքորոշումներին համահունչ, մենք դուրս կգանք, ի վերջո, մեր ձեռքերը կապված չեն:
-Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան հայտարարել էր, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Կոռուպցիան ինքը տարբեր տիպի երեւույթների համակցում է. մենաշնորհների, ոչ ազատ մրցակցության առկայության, ոչ արդար դատական համակարգի, դա տարբեր երեւույթների տրամաբանական հետեւանքն է: Այսինքն՝ ինքը մյուս երեւույթներից կտրված` գոյություն չի կարող ունենալ, մյուս երեւույթներում եւս պրոբլեմներ կան:
ՇԱՐՖ, ՓՈՂԿԱՊ ՈՒ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ԵԽԽՎ թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներին Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկներ, փողկապ եւ շարֆեր են բաժանել: Պատվիրակներն ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորների փոխանցած հուշանվերները:
Նշենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը ու բացի վերը նշված պատգամավորներից՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցում են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջիններս այդքան էլ ակտիվ չեն մասնակցել Ա. Հովհաննիսյանի ու Ն. Զոհրաբյանի իրականացրած ակցիային, որի ընթացքում նրանք հատ առ հատ շրջելով թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների աշխատասենյակներով՝ անմոռուկներ եւ շարֆեր են բաժանել: Այնուհետեւ պատգամավորները Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես են կազմակերպել, որին մասնակցել է ԵԽԽՎ նախագահը, Բելգիայի արտաքին գործերի նախարարը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների խնդրին, նշել է. «Զավեշտ է, որ Ադրբեջանի նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում զուգադիպեց երկրում քաղաքացիական ինստիտուտների, իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ ռեպրեսիաների ուժեղացման հետ: Էներգետիկ ոլորտի եկամուտների աճի հետ կապված՝ փոփոխվում են Ադրբեջանի հարաբերությունները արեւմուտքի հետ: Մտավախություններ կան, որ Բաքվում առաջին եվրոպական խաղերի անցկացումը կբերի իրավապաշտպանների, անկախ մամուլի, լրագրողների գործունեության ավելի խիստ սահմանափակումների»:
Նաղդալյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչպես են դրան վերաբերվում ԵԽԽՎ պատվիրակները: «Բանախոսները ներկայացնելով իրավիճակը երկրում՝ հանդես են եկել բազմաթիվ առաջարկություններով՝ կատարելու ժողովրդավարական պետությանը բնորոշ քայլեր՝ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ պահպանել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, միայն այդ դեպքում սպորտային խաղերը կարելի է հաջողված համարել: Բազմաթիվ առաջարկներ են արված ինչպես իշխանությունների հասցեով, այնպես էլ միջազգային կառույցների, ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլնի ուղղությամբ»: ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ ԵԽԽՎ պատվիրակների կողմից խստագույն գնահատականներ են տրվում Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԱԿՈՒՄԲԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2014 հոկտեմբերի 15-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը գումար բռնագանձելու պահանջով դիմել է Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Մամուլի ազգային ակումբի: «Ժողովուրդ»-ը փորձեց Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանից պարզել, թե ինչ գումարի մասին է խոսքը: Ըստ Նարինե Մկրտչյանի` ակումբին դատի են տվել 240 հազար դրամի համար: «Ազգային ակումբը չունի որեւէ ֆինանսական աջակից, վաղուց չունենք նաեւ գովազդային վահանակ: Ճիշտ է՝ Կառավարությունը մեզ անհատույց օգտագործման է հանձնել տարածքը, բայց սպասարկման վարձավճարները բարձրացել են, հիմնականում ես եմ վճարում իմ դասախոսական աշխատավարձից: Պարտքերը եւ տույժերը կուտակվում են: Պետգույքի կառավարման վարչությունը, պիտի անկեղծ ասեմ, միշտ էլ ընդառաջել է մեզ, ըմբռնումով մոտեցել, բայց հետո որոշեցին դատի տալ: Անցյալ տարի դեկտեմբերին ես նամակով դիմեցի վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բացատրելով իրավիճակը եւ խնդրելով ներել մեր պարտքերը կամ էլ ֆինանսապես աջակցել: Նամակս դեռ անպատասխան է»,- պարզաբանեց Մկրտչյանը:
ԱԺ-Ի ՃԱՇԱՐԱՆԻ «ՀՆԱՐՔՆԵՐԸ»
Պարզվում է՝ ՀՀ ԱԺ ճաշարանում վերջին օրերին նոր «բարքեր» են հաստատվել: Մասնավորապես, խորհրդարանի ղեկավարությունը որոշել է կրճատել վաճառվող կերակուրների չափաբաժինը, իսկ գները թողնել նույնը: Այլ կերպ ասած, առանց սակագների փոփոխության գները բարձրացրել են: «Ժողովուրդ»-ը փորձեց ճաշարանի աշխատակիցներից պարզել, թե որն է այս «նորարարության» պատճառը: Ըստ աշխատակիցների՝ իրենց հանձնարարվել է այսուհետ կես բաժին ուտելիքը կշռել 100 գրամ եւ ըստ այդմ վաճառել: Բազմիցս լրագրողները բողոքել են ԱԺ ճաշարանի ուտելիքների եւ սպասարկման որակից, բայց պարզվում է՝ խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ոչ թե որակը բարձրացնել, այլ ուտելիքի չափաբաժինը կրճատելով՝ գները բարձրացնել:
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը, որը ապրիլի 21-ին կալանավորվել է, հրաժարվել է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Սեւանում սպանվել էր Կառլեն Մնեյանը: Նրա սպանության մեղադրանքով հետախուզում էր հայտարարվել Հմայակ Թադեւոսյանի եւ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից` խուլիգանական դրդումներով), եւ նշված անձինք ներգրավվել էին որպես մեղադրյալներ: Ի դեպ, նախկին քաղաքապետի որդու ընկերը դեռ չի հայտնաբերվել: