«ԲՈՔՍԻ ՀԱՅԱԹԻ» ՆԱԴԱԼԻ ՈՒ ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ շարքային քաղաքացի Հրեղեն Խաչատրյանը ցանկացել էր որդուց գաղտնի տուն գնել թոռնիկի համար եւ անակնկալ մատուցել, սակայն հայտնվել է «Բոքսի հայաթի» Նադալի ու դատավորի որդու «մութ գործարքների» արանքում: Եւ արդեն շուրջ 2 տարի է՝ ո՛չ նրա գումարն են վերադարձնում, ո՛չ տունն են ազատում:
Նշենք, որ Հրեղեն Խաչատրյանը 35 միլիոն դրամ է տվել Վահան Նադարյանին՝ Նադալին, եւ 2011թ. մարտին նոտարական կարգով գնել նրա տունը, բայց վերջինս տունը չի ազատում: Եւ Հ. Խաչատրյանը ստիպված դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի ոստիկանությունը Վ. Նադարյանին վտարի բնակարանից, քանի որ խախտվել է իր սեփականության իրավունքը: Ոստիկանությունը սկսել է վտարման աշխատանքները, «… սակայն  նույն օրը Վ. Նադարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն դիմում է ներկայացրել, որի հիման վրա էլ  դատախազությունից (Կենտրոնի դատախազ Գ. Խաչիկյանից) ստացվել է համապատասխան ցուցում՝ ոստիկանության կողմից վտարման գործողությունները դադարեցնելու մասին…»:
Վ. Նադարյանը դատախազ Գ. Խաչիկյանին հասցեագրած իր բացատրության մեջ մեզ արդեն ծանոթ պարբերություններ է շարադրել, թե իբրեւ տանտերն իրեն «տոկոսով գումար է տվել», որի դիմաց ինքը տվողի մոր անունով առուվաճառքի պայմանագիր է կնքել: Ըստ Նադալի՝ «2011թ-ի ապրիլ ամսին Շահեն Պետրոսյանի հետ բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղ բիզնես սկսելու համար, եւ ես նշված ծրագրի համար ներդրել եմ 68.000 ԱՄՆ դոլար, որը ունենալու համար իմ՝ Վարդանանց 5 ա բն. 23 տան՝ որպես գրավի առարկա, Շահենի միջնորդությամբ 80.000 ԱՄՆ դոլարի դիմաց, որից 8000 ԱՄՆ դոլարը միջնորդավճար, իսկ 4000 ԱՄՆ դոլար մեկ ամսվա տոկոսադրույք 5% տվել ենք Գագիկ Համբարձումյանին, որի վերաբերյալ կնքվել է առուվաճառքի պայմանագիրը մոր՝ Հրեղեն Խաչատրյանի հետ: Վերը նշված գումարը Մալաթիայում՝ Գագոյի տանը, նրա ներկայությամբ տվել եմ Շահենին՝ պայմանավորվածության համաձայն»: Դատախազ Խաչիկյանն էլ, առանց կողմերին լսելու, վերին աստիճանի ճշմարտություն է համարել ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծիքներ իրականացրած Նադալի դիմումը եւ ցուցում է տվել ոստիկաններին՝ կասեցնել վտարման գործընթացը:
Ու այստեղ սկսվում է «կինոն»: Երբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ներկայացնել այն փաստերը, որոնց հիման վրա դատախազ Խաչիկյանը արգելել է ոստիկաններին վտարել Հրեղենի նոր գնած տունը չազատողներին, մեզ միանգամայն այլ պատասխան տվեցին: Գլխավոր դատախազությունից ուղարկված պատասխանի մեջ այս պատմությունից դուրս էր մնացել Շահեն Պետրոսյանի անունը: Թե ինչու, դժվար չէ կռահել: Շահենը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդին է: Այսինքն՝ դատավորն ու դատախազը միմյանց հետ պայմանավորվել են՝ որդուն «մաքրել» քրեականին նմանվող պատմության միջից:
Հավելենք, որ Հրեղենը ժխտում է իր որդու եւ Վ. Նադարյանի միջեւ եղած որեւէ գումարային հարց, քանի որ նա ոչ մեկին չի ճանաչել. նրանց հետ շփվել է միայն վերջերս տան հարցերով: Հրեղենը զարմանք հայտնեց, թե ինչպես դատախազն իմացավ, որ այդ պահին ուզում են բնակարանի դուռը բանալիով բացել, ու զանգեց վտարման պատասխանատու ոստիկանին, որն էլ անմիջապես դադարեցրեց վտարման գործողությունները (վտարման որոշումը տվել են 2 օր անց): Դա էլ իր բացատրությունն ունի. սկզբում կարծում էինք, թե Վահան Նադարյանը շարքային միամիտ քաղաքացի է, որն ուղղակի դատավորի որդու՝ Շահենի թակարդն է ընկել, եւ որ Վ. Նադարյանին տնից վտարելու գործողության կասեցմամբ միայն դատավորն ու նրա որդին պետք է շահագրգռված լինեին, որպեսզի վերջինս հնարավոր պատժից կամ փոխհատուցումից խուսափի:
Եթե Վ. Նադարյանի հայտարարությունն ապացուցողական հիմք ունի, ապա այստեղ կարող է խոսք լինել վստահությունը չարաշահելու միջոցով կատարված խարդախության, վաշխառության մասին (նաեւ շինծու, քողարկված գործարքի մասին, որի դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել): Իսկ եթե Վ. Նադարյանի՝ տոկոսով փող տալու մասին հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, ուրեմն դա կարող է սուտ մատնություն որակվել, որով Նադարյանը հանցագործության մեջ է մեղադրում Հրեղենի որդուն՝ Գագիկ Համբարձումյանին:
Ու եթե իսկապես քաղաքացի Հրեղենի որդին վաշխառու է եւ տոկոսով գումար է տվել Վահան Նադարյանին (ինչը չենք բացառում), ինչո՞ւ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում. ԱԱԾ-ն ու Աղվան Հովսեփյանը միայն Վարդան Օսկանյանի «լվացած փողերի» համա՞ր են կոչված: Ինչո՞ւ է շարքային քաղաքացին իր երկրում անպաշտպան մնացել:
Պարզեցինք, որ Վ. Նադարյանը ՀՀԿ-ի սիրելին է, որը 2009-ի դեկտեմբերի 27-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավոր առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իրականացնող ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ բռնություն էր գործադրել: Նադալի ու սափրագլուխների գործը մտավ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վահան Նադարյանին եւ Դավիթ Սիմոնյանին (Կյաժ) մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր.-ի 117 (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 118 (ծեծ) հոդվածներով: Սակայն Նադալի վրայից մեղադրանքը հանվեց, եւ գործով անցնող միակ ամբաստանյալը մնաց Կյաժը:
Ստացվում է, որ Երեւանի Կենտրոնի դատախազը, դատավոր Տիգրան Պետրոսյանը եւ էլի շատ պաշտոնյաներ ու պատգամավորներ, որոնց անունը դեռ կհրապարակենք, հովանավորում են Նադալին: Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ անբարոյականության յուրօրինակ դրսեւորում, որի վրա աչք են փակել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ (այսօր արդեն) Վլադիմիր Գասպարյանը, Ա. Հովսեփյանի սիրելի հատուկ քննչական ծառայությունը՝ ի դեմս Անդրանիկ Միրզոյանի եւ, վերջապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որը զբաղված է Կոտայքի փոխմարզպետի վերցրած 40 հազար դրամ կաշառքի գործի բացահայտմամբ:

շարունակելի
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս