ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ «Հայ կանանց ճակատ»-ի ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Սակայն ոստիկանությունը մոտեցել եւ պատռել է պաստառները: Ակցիայի մասնակիցներից Սյուզաննա Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացրել` առանց որեւէ կոչի, առանց ձայնի: Ոստիկանության կենտրոնի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին: «Հայ կանանց ճակատ»-ի մասնակիցները նշել են նաեւ, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ անհատ ձեռներեցի տարեկան հաշվետվություն ներկայացնելու ժամկետը մինչեւ երբ է, եւ եթե տվյալ հաշվետվությունը ներկայացվել է երկու օր ուշ, ապա որքան տուգանք է սահմանված, եւ ինչ կերպով է ԱՁ-ն տեղեկացվում այդ մասին:

Կարեն Խլոյան (26 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված հարկ վճարողները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես` «հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով»: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես` «վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Գրավոր վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաեւ՝ հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը»:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ եթե քաղաքացին չի կարողանում սահմանված ժամկետում ներկայացնել հաշվետվությունը, նա տուգանվում է տասնապատիկ կամ քսանապատիկ չափով: Հետաքրքիրն այն է, որ մեզ դիմած քաղաքացին, իսկապես, երկու օր ուշացնելու պատճառով տուգանվել էր 20 հազարի չափով: Համաձայնեք, որ սա իսկապես բավականին կլորիկ գումար է, այն էլ սոցիալապես ծանր վիճակում հայտնված քաղաքացիների համար:

 

 

 

 
ՀԱՐՑ. Լսել եմ, որ ՀՀ-ում աշխատանքային ստաժը պարտադիր է՝ կենսաթոշակ ստանալու համար: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյոք դա այդպե՞ս է:

Արմինե Նահապետյան (42 տարեկան, սոցիոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ (ըստ սանդղակի):
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992թ. հունվարից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Ընդ որում, սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը` 65 տարին լրանալու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, ՀՀ քաղաքացին պետք է ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, որպեսզի կարողանա ստանալ աշխատանքային կենսաթոշակ, իսկ ինչ վերաբերում է ծերության կենսաթոշակին, եթե մեր քաղաքացին չունի աշխատանքային ստաժ, ապա նրա համար սահմանվում է միայն ծերության կենսաթոշակ, միջին չափը՝ 17.766 դրամ: Հետաքրիր է՝ արդյոք նման գումարը կբավականացնի ՀՀ քաղաքացուն՝ հանապազօրյա հաց եւ սպառողական նվազագույն զամբյուղին անհրաժեշտ սննդամթերք ձեռք բերելու համար: Հատկապես ներկայիս գնաճի պայմաններում այս հարցն, իհարկե, հռետորական է:




Լրահոս