Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է ավելի քան 10 օր տևած հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ կալանավորված Գևորգ Սաֆարյանն արդեն ավելի քան 10 օր է՝ հացադուլի մեջ է: Իմանալու համար՝ ինչ վիճակում է նա այս պահին գտնվում, Armlur.am-ը կապ հաստատեց Արդարադատության նախարարության հետ: Նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանն այսօր դադարեցրել է հացադուլը. «Արդարադատության նախարարության գործուն քայլերի շնորհիվ՝ հնարավոր է եղել կալանավոր Գևորգ Սաֆարյանին հորդորել դադարեցնել հացադուլը: Նա առողջական խնդիրներ չունի, իրեն լավ է զգում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ նրա փաստաբան Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են այլ խուց, որտեղ կա ևս մեկ ազատազրկված մարդ:

Հիշեցնենք, որ ՀԽ անդամները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը` ապրիլի 24-ին անկարգություններ կազմակերպելու փորձի մեղադրանքով:

Ըստ վարույթն իրականացնող մարմնի պարզաբանման՝ ՀԽ անդամներին կալանավորել են՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանք սպառնացել են երկրի համար հույժ կարևոր օրը՝ ապրիլի 24-ին, զանգվածային անկարգություններ կազմակերպել:




Լրահոս