ՍԵՐԺԻ՛Կ ՊԱՊԻԿ, ՎԵՐԱԴԱՐՁՐՈ՛Ւ ԻՄ «ԿԱՉԵԼԻՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մ. Սարյան փողոցի թիվ 2, 4 եւ 6 շենքերի բնակիչներից: Նրանք պահանջում են, որպեսզի Սարյան 2 եւ 4 շենքերին հարակից այգում իրականացվող ապօրինի շինարարությունն անհապաղ դադարեցվի:
Բնակիչների կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի 23.09.2012թ. թիվ 1638-Ա որոշմամբ քաղաքացի Գեւորգ Բաբուջանյանի հետ 15.10.2002թ. կնքվել է հողի վարձակալության պայմանագիր, որում ամրագրված է եղել գնման նախապատվության իրավունքը, եւ տրվել անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական: Առաջնորդվելով ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին կետի 4 ենթակետով եւ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության 2003թ. կայացրած եզրակացությամբ ու անշարժ գույքի կառավարման վարչության որոշմամբ՝ Սարյան փողոցի 2 շենքի հարակից հատվածում թույլատրվել է բացօթյա սրճարանի կառուցման համար տրամադրված 50 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գեւորգ Բաբուջանյանին հողամասի կադաստրային գնի չափով` հանձնարարելով հողատարածքի սահմանները որոշել քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով: Ըստ բնակիչների՝ բոլոր գործարքները, որոնք կնքվել են այս հողատարածքի համար, անօրինական են. «2011-ի մայիսից այս կառույցում գաղտնի գիշեր-ցերեկ փոս է փորվել: Օգոստոս ամսին պատահական դուռը բացվեց, ու մենք տեսանք այդ հսկայական փոսը»: Տեղեկացնենք նաեւ, որ 17.08.2011թ. քաղաքապետի թիվ 01/18-1574 շինթույլտվությամբ շինարարական աշխատանքների համար տրված է եղել 140-օրյա ժամկետ: Աշխատանքները սկսվել են մայիս ամսից եւ մինչ այսօր շարունակվում են:
Բնակիչների ներկայացմամբ` այդ անօրինական կառույցի տարածքը կրկնապատկել են հետնամասի կանաչ տարածքի խաղողի վազերի, ծառերի հաշվին: Բնակիչներից մեկը` Արմենուհի Ղազարյանը, մեզ պատմեց եւ միաժամանակ ցույց տվեց, որ հենապատ կառուցելու շիրմայի տակ պատսպարվելով` բանվորները հսկայական՝ 3-4 մ խորության, փոս են փորել: Փոխել են շենքի «կոմունիկացիաների» ուղղությունը, իսկ ջրի խողովակները բաց վիճակում մայթեզրին են թողել, որոնք կարող են յուրաքանչյուր պահի վնասվել: Նրանց խոսքով՝ այդ տարածքը պատկանում է ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանի եղբոր որդուն` Արսենին: «Նույնիսկ մի քանի անգամ եկել ու խնդրել է, որ ոչ մի տեղ չբողոքենք: Գեւորգի անունով են գնել այդ տարածքը, բայց իրականում նա է զբաղվում դրանով»,-տեղեկացրեց տիկին Արմենուհին:
Այդ ընդհանուր բակային տարածքը նախկինում կանաչապատ այգի էր: Այն հանգստյան գոտի է ծառայել բնակիչների համար, իսկ երեխաների համար միակ խաղահրապարակն էր: «Ես էլ խաղահրապարակ չունեմ: Սերժի՛կ պապիկ, այդ ժեշտերը հանե՛լ տվեք ու հե՛տ վերադարձրեք իմ կաչելիները: Երեւանը մաքրե՛ք փոշուց, որպեսզի քաղաքում բնակվող երեխաները երջանիկ մանկություն ունենան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պահանջեց 6-ամյա Լիլիթը:
«Մեր ջանքերով է կանաչապատվել նույն փողոցի թիվ 2 եւ 4 շենքերին հարակից տարածքը մինչեւ մայթ: Տնկվել են ծառեր, ծաղիկներ, խաղողի վազեր: Ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրում մեզ, չեն պարզաբանում, թե ինչ հիմքերով են զավթել կից հողատարածքը: Ախր անօրինական շինաշխատանքներ են կատարում` վտանգելով հարակից շենքերի գոյությունը: Կառուցապատմանը կից կանաչապատ տարածքում՝ կանաչ թփերի վրա, ավազ ու հող են լցրել: Մի հսկա ծառ կա, որի բունը փորել են, շուտով շուռ կգա մարդկանց ու մեքենաների վրա»,-վրդովված ներկայացրեց տիկին Արմենուհին:
Իսկ բնակիչներից մեկը` տիկին Մարինեն, սարսափած նկատեց, որ փորած փոսի եւ իրենց շենքի միջեւ ընկած տարբերությունը 1,5 մետր է, որի պատճառով շենքի հիմքը թուլանում է. «Մենք վրդովված ենք, որովհետեւ մեր բողոքը մնաց որպես բողոք: Ոչ ոք չի՞ մտածում դրա մասին: Թե՞ ինչ-որ մեկի կապրիզն է, որ էստեղ իր համար օբյեկտ պետք է սարքի: Եթե շենքը թուլանա կամ փլվի, ո՞վ պետք է պատասխան տա: Եթե իրենք Կոմս Մոնտե Քրիստոներ են եւ փորելով պետք է հասնեն Ազգային Ժողով, դա ուրիշ բան: Բայց ախր չի կարելի այսպես վարվել մեզ հետ»:
Դիմեցինք Արսենին, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախ խուսափեց նշել, թե ինչ են պատրաստվում կառուցել, ապա արդարացավ. «Այդ տարածքն իմ մոտ ընկերոջինն է, ես կապ չունեմ դրա հետ: Գեւորգ Բաբուջանյանն է, իսկ ես լավ տեղյակ եմ, որ ոչ մի ապօրինի շինություն չկա: Դա անհնար է: Ես բնակիչների հետ կապ չունեմ: Հայկ Հարությունյանի հետ էլ կապ չունեմ: Ես ըտենց բարեկամ չունեմ»:
Այս թեմայով մենք գրավոր հարց էինք ուղարկել նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից, սակայն, արդեն 5 օրից ավելի պատասխան չենք ստացել, մինչդեռ տեղեկատվության ազատության մասին օրենքը պատասխանի համար նախատեսում է 5 օր: Հավելենք նաեւ, որ այս հարցի անմիջական պատասխանատուն Երեւանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն են: Շաբաթներ առաջ մեծ աղմուկով հայտարարվեց, որ Երեւանը մաքրվելու է շինհրապարակներից: Այնինչ պատկերը այլ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս