Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ ոստիկանությունում հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի պետ (Աբովյան), փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Եվ այսպես, Armlur.am-ին հայտնի դարձան պաշտոնանկության մասին մանրամասներ: Ոստիկանական համակարգում մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Մկրտչյանը ոստիկանապետ էր նշանակվել Կոտայքում` մասնավորապես Աբովյանում հնարավորինս անվտանգ վիճակ պահպանելու նպատակով: Մեր աղբյուրները հայտնում են, որ Արթուր Մկրտչյանին հրահանգված է եղել օրենքի սահմաններում, մեղմ ասած, խոչընդոտել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավորների` ցանկացած վտանգ պարունակող գործողություններն ու կանխել քաղաքում հնարավոր «բեսպրիդել» ստեղծելը:
Եվ քանի որ այս տարվա փետրվարի 12-ին վերջնականապես խաչ քաշվեց ԲՀԿ նախկին առաջնորդի քաղաքական կարիերայի վրա, ինչն էլ ենթադրում է, որ ապաքաղաքական Գագիկ Ծառուկյանը, որպես այդպիսին, առաջվա կշիռը չունի, ուստի Արթուր Մկրտչյանը ոստիկանապետի պաշտոնում ևս անելիք չունի:
Հարցին` ո՞ր արժանիքի համար է Արթուր Մկրտչյանը նշանակվել այդ պաշտոնին, մեր աղբյուրը հայտնեց, որ նա անվերապահորեն նվիրված է իր աշխատանքին և անձնվիրաբար ծառայում է օրենքին: Իսկ այս դեպքերում նման պատասխանատու պաշտոններ պետք է զբաղեցնեն ընտրյալներ և գործին գիտակ մարդիկ:
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը նախկինում եղել է Ոստիկանության Նորք Մարաշի բաժնի պետ: