ՎՊ-ի բացահայտումները իրավական հետեւանք չեն ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ խորհրդարանում սկսվել է ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2014 թվականի տարեկան զեկույցի քննարկումը: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, 2014-ի զեկույցում շատ քիչ տվյալներ են ներկայացված, այն էլ` առանց հարակից որեւէ գնահատականի: Այս զեկույցը նախորդներից տարբերվում է նաեւ զգալիորեն համեստ ծավալներով: Համեմատության համար նշենք, որ օրինակ 2013 թվականի տարեկան զեկույցը կազմված էր 61 էջից, իսկ 2014-ինը՝ ընդամենը 35 էջ է:

Այսպիսով, ՀՀ ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել էկոնոմիկայի նախարարության կողմից իրագործվող մի շարք ծրագրերի նկատմամբ, որոնք, ըստ էության, պետք է նպաստեին ՀՀ ներդրումային միջավայրի բարելավմանը: Սակայն վերահսկողությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ եւ թերություններ:

«Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» տարեկան ծրագրերի իրականացման նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ դեռեւս 2013 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքել` 150 մլն դրամ գումարով, իսկ 2014 թվականին` 151 մլն 983 հազար 700 դրամ գումարով: Նշված գումարներն ուղղվել են հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը` ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Սակայն ՎՊ-ն 2013 եւ 2014 թվականներին դրամաշնորհի շրջանակներում իրականացված աշխատանքների վերահսկողության արդյունքում պարզել է, որ հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգերով չի կազմել հաշվետվություններ: Բացի այս՝ հիմնադրամի մասնագետների կողմից չի կատարվել կանոնակարգով նախատեսված շահառուի գրավադրման ենթակա գույքի ուսումնասիրություն:

Օրինակ` «Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամին հատկացվել է 811 մլն 840 հազար դրամ գումար, որով նախատեսվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել մինչեւ 300 գործող եւ սկսնակ ՓՄՁ սուբյեկտների, որոնց առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի եւ կառավարվի կանանց կողմից: Սակայն այդ ծրագրով ֆինանսական աջակցություն ստացել է միայն 54 կին գործարար: Նաեւ շահառուների կողմից վարկային պայմանագրերով սահմանված վճարումների ժամկետների խախտումների հետեւանքով բանկերի կողմից պահված գումարներից դեռեւս չի վերականգնվել 114 մլն 993 հազար 900 դրամ:

Ըստ ՎՊ-ի՝ դրամաշնորհի պայմանագրերով նախատեսված որոշ աշխատանքներ կատարվել են սահմանվածից ցածր ցուցանիշներով: Մասնավորապես՝ 2014 թվականին կնքված դրամաշնորհի տրամադրման պայմանագրով «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» միջոցառման շրջանակներում ակնկալվում էր, որ 2014 թվականին ֆինանսական աջակցություն կտրամադրվի 250-300 սկսնակ գործարարի, որի արդյունքում պետք է ստեղծվեր 300-450 նոր աշխատատեղ: Սակայն վերահսկիչ պալատի կողմից պահանջված նոր ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն հիմնադրամը չի ներկայացրել:

ՎՊ-ի մեկ այլ ուսումնասիրությամբ՝ 2013 եւ 2014 թվականների համար էկոնոմիկայի նախարարությունը կնքված դրամաշնորհային պայմանագրերով «Արդյունաբերության զարգացման հիմնադրամ»-ին հատկացրել է համապատասխանաբար 463 մլն 893 հազար 900 դրամ եւ 501 մլն 499 հազար 600 դրամ: Հատկացված գումարներից 2013 եւ 2014 թվականների համար ծախսվել է համապատասխանաբար 319 մլն 609 հազար 300 դրամ եւ 395 մլն 685 հազար 300 դրամ: Չծախսված գումարի մնացորդը յուրաքանչյուր տարվա վերջում կազմել է համապատասխանաբար 144 մլն 284 հազար 600 դրամ եւ 105 մլն 814 հազար 300 դրամ:

Ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով Կառավարության որոշմամբ նախատեսվել է մշակել նպատակային ցուցանիշների երկաստիճան համակարգ, որը պետք է բաղկացած լինի ռազմավարական եւ օպերատիվ նպատակային ցուցանիշներից: Բայց ՎՊ վերահսկողությամբ պարզվել է, որ ցուցանիշները հետագայում սահմանվել են միայն 2013 թվականի համար, այն էլ՝ մասնակի, իսկ 2014 թվականի համար ընդհանրապես չեն սահմանվել:

Չնայած ՎՊ կողմից հայտնաբերած խախտումների հերթական ցնցող դեպքերին` պատասխանատուները դժվար թե պատժվեն: Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի նույնիսկ լիարժեք վերահսկելի վերահսկիչ պալատը գնահատական տալու իրավունք չունենա, ակնհայտ է, որ այս տվյալները իրավական հետեւանք չեն ունենա:

Հ.Գ. ՎՊ հայտնաբերած խախտումների շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, որի հանրային պատասխանատու Դավիթ Մուրադյանը, սակայն, խնդրեց հարցերը գրավոր ուղարկել: Իսկ «Արդյունաբերության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Հայկ Միրզոյանը երեկ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս