ՓՈՍՏԱՏԱՐՆԵՐԸ ՇՈՐԹՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն` խնդրելով պարզաբանել, թե ինչու են նպաստներից եւ կենսաթոշակներից 200-ական դրամներ գանձվում: Արդյոք դա «Հայփոստ»-ի բաժանմունքի պետ Հոմերոս Կրպեյանի կամայականությունների դրսեւորում է, թե՞ «կառավարվում է օրենքով»:
«Մեր գյուղի փոստի վարիչն ամեն ամսվա թոշակից, նպաստից 200 կամ 300 դրամ ա վերցնում: Ասում ենք՝ Հոմերո՛ս ջան, աղքատ մարդիկ ենք, առանց դա էլ շատ վատ վիճակում ենք, ինչի՞ ես մեզանից էդ փողը վերցնում, մնար, դրանով էլ մի ցավի ոտք կկոտրեինք:  Գիտե՞ս՝ էս փոստի պետն էլ ինչ ա պատասխանում, ասում ա, թե ես ինչ անեմ, ինձանից էլ վերեւներում են պահանջում: Աղջի՛կ ջան, մի հարցրե՛ք էդ «վերեւներին», եթե էդ փողը մեզնից պիտի տանեն, էլ ինչի՞ են մեզ տալիս, հետո ձեռներիցս առնում: Լավ չի՞ հենց «վերեւում» վերցնեն, ո՛չ աչքներս տեսնի, ո՛չ էլ սրտներս ցավա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իրար ընդմիջելով, դժգոհում էին Լիճք համայնքի մի խումբ բնակիչներ:
Մեզ հետ հեռախոսազրույցում, սակայն, Հոմերոս Կրպեյանը հերքեց այդ լուրը` ենթադրելով, որ իր հասցեին հնչող հերյուրանքները կապված են սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ. «Նման բան չկա: Ես 15 տարի է՝ աշխատում եմ ժողովուրդի հետ եւ  երբեք նման գործարքի չեմ գնացել: Այս ամենը երեւի կապված է ընտրությունների հետ: Գործող գյուղապետը՝ Գնել Գրիգորյանը, իմ բարեկամներից է: Ընտրությունների ընթացքում որոշ մարդկանց մոտ տեսակետ էր ձեւավորվել, որ ես աշխատում եմ Գրիգորյանի օգտին: Այնինչ ես ոչ մի ձեւով չեմ խառնվել ընտրություններին, անգամ ընտրություն չեմ կատարել: Ուղղակի այդ մարդիկ լիցքավորված են որոշ մարդկանց կողմից, որոնք ուզեցել են իմ նկատմամբ բողոք արտահայտել: Մինչեւ անգամ ականջիս տեղեկություն է հասել, որ  հակառակորդ կողմի՝ Համլետ Հակոբյանի համախոհները խոստացել են ինձ ազատել տալ աշխատանքից: Ենթադրում եմ` այս բողոքը դրա համար է: Ես, իհարկե, ուզում եմ վստահեցնել, որ Հակոբյանն անձամբ նման բան չէր անի, բայց… դե գյուղում չուզողներ շատ ունեմ»: Նա նաեւ հավելեց, որ ինքը բարեխիղճ աշխատող է, եւ 30 տարի Լիճքի փոստային բաժանմունքի պետ աշխատած հորից «ժառանգելով» այս աշխատատեղը` փորձում է մաքուր պահել իրենց ընտանիքի անունը:
«Հայփոստ» ՓԲԸ-ի հանրային կապերի եւ լրատվության բաժնի պետ Գեւրոգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի այն հարցմանը, թե արդյոք ընկերությունը տեղեկացված է Լիճքի փոստի բաժանմունքի վարիչի վերոնշյալ աշխատելաոճի մասին, պատասխանեց. «Ա՜յ քեզ բան:  Բացառվում է նման պահանջ կենտրոնի գրասենյակի կողմից:  Մեր կողմից դատապարտվում են նման արարքները: Դրա վառ ապացույցը կարող է հանդիսանալ անցյալ տարվա ընթացքում տասնյակ բաժանմունքի պետերի, փոստատարների ազատման փաստը: Իհարկե, Ձեր զանգից հետո մենք կհրահանգենք համապատասխան մարդկանց զբաղվել այս հարցով եւ փաստի իսկության դեպքում խոստանում ենք ազատել բաժանմունքի պետին զբաղեցրած պաշտոնից»:
Անկախ նրանից, թե այս մասնավոր դեպքի հետ կապված ինչ վերաբերմունք կդրսեւորի «Հայփոստ»-ը, թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ չգրված օրենքով գրեթե բոլոր  փոստատարները, յուրաքանչյուր կենսաթոշակառուից կամ նպաստառուից շորթում են տարեկան  2400-3600-ական դրամ գումար: Դա մտահոգիչ է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս