«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական բանկը երկու ուրախացնող լուր է տարածել Հայաստանի բնակիչների համար: Մեկը՝ որ Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացել է, եւ երկրորդը՝ որ սպառողների վստահության ցուցանիշն է սկսել աճել: «2015թ. առաջին եռամսյակում կազմել է 54.8, ինչն իր նախորդ եռամսյակի մակարդակից բարձր է 6.7 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ ցածր 1.1 կետով…»:
Այն, որ անցյալ տարի գործարար միջավայրն ավելի լավն էր, հասկանալի է: Դոլարի սրընթաց վերելքը դեռ չկար, գները ցածր էին, բիզնեսն էլ ծանր էր շնչում, բայց դեռ գոյատեւում էր: Բայց այս տարի, հունվար-մարտ ժամանակահատվածում սպառողական գները, ըստ վիճծառայության տվյալների, 5,1 տոկոսով բարձր էին: 12-ամսյա գնաճը Հայաստանում մարտին դուրս է եկել նպատակային սահմաններից` կազմելով 5,8 տոկոս, մինչդեռ պետբյուջեով գնաճը չպետք է գերազանցեր 4 տոկոսը:
Գործարարները դեռ ուշքի չեն եկել անցյալ տարեվերջի շոկից, եւ Ռուսաստան ապրանք արտահանողները մինչ օրս բողոքում են ռուբլու ցածր փոխարժեքից, որի պատճառով նրանք վնասներ են կրում: Արտադրողների վիճակն ավելի վատ է: Հայաստանի Գործատուների միությունն էր դեռեւս փետրվարին SOS հնչեցրել, կառավարությունից խնդրելով փոխհատուցել արտադրողների վնասները: Անկումն այնքան մեծ է եղել, որ ԿԲ-ն, այնուամենայնիվ, ընդունել է այն, արձանագրելով աննշան՝ 1.5 կետով նվազում արդյունաբերության ոլորտում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: