Ծառուկյանը միայն Աբովյանում քաղաքականությամբ կզբաղվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկություններ էր ստացել, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու աբովյանցիների հետ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուին ներկայացնելու համար: Մեր տեղեկություններով՝ «ժողովին» հրավիրվել էին այն մարդիկ, որոնք իրենց «թաղերում» կարող են ձայն «հավաքել»՝ «լույսի մարդուց» մինչեւ «ժեկի» աշխատող: Սակայն մեկ ժամ հետո Գ. Ծառուկյանի «թեկնածու» Վահագն Գեւորգյանը հավաքվածներին տեղեկացրել էր, թե Ծառուկյանը շտապ գործ ունի եւ չի կարող ներկայանալ հանդիպմանը:

Եւ այսպես, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպումը տեղի էր ունենալու Աբովյանում՝ ԲՀԿ-ի նախկին կենտրոնական գրասենյակում: Մինչ այդ, սակայն, Գ. Ծառուկյանը հանձնարարել է, որ գրասենյակի «պատից» հանեն ԲՀԿ-ի ցուցանակը եւ «մաքրեն» բոլոր այն պաստառները, որոնք հիշեցնում են ԲՀԿ-ի մասին: Երեկ «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ Ծառուկյանի հրահանգը կատարվել է. բոլոր ցուցանակները հանված էին:

Արդեն ժամը 14:30-ին գրասենյակ էին գալիս տարբեր տարիքի ու սեռի մարդիկ, տարբեր մեքենաներով: Որոշ ժամանակ հետո գրասենյակ եկավ նաեւ Գ. Ծառուկյանի «հովանավորյալը»` Վահագն Գեւորգյանը: Նա անմիջապես նկատեց լրագրողներին, որոնք հավաքված սպասում էին Գ. Ծառուկյանի գալուն: Ուղիղ մեկ ժամ անց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հավաքվածները գրասենյակից հեռանում են: Նրանցից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց ասել են` առայժմ գնացեք. «Ասեցին՝ Ծառուկյանը շտապ գործ ա ունեցել ու գնացել ա ըտեղ, ասեցին՝ գնացեք, հետո կզանգենք ձեզ, օր, ժամ կասենք, կգաք»,-մեզ հետ զրույցում ասաց մի պապիկ, որը շտապ գրասենյակից հեռացավ:

«Ժողովուրդ»-ը գրասենյակում հավաքվածներից փորձեց պարզել, թե ինչ հանդիպում էր նախատեսված, որը չկայացավ, սակայն ներկաները հայտարարեցին, թե որեւէ հանդիպում նախատեսված չէր, ու անգամ Վահագն Գեւորգյանը գրասենյակում չէ: Որոշ ժամանակ հետո մեզ մոտեցավ Վահագն Գեւորգյանի եղբայրն ու հայտարարեց, որ մի քանի րոպե հետո կարող ենք զրուցել նրա հետ: Վ. Գեւորգյանը, որն աշխատում է խորհրդարանում, ու ըստ տեղեկությունների՝ եղել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականը, լրագրողներին հայտնեց, որ այդ գրասենյակը իր նախընտրական շտաբն է լինելու: Եվ մինչ նա զրուցում էր մեզ հետ, նրա թիմակիցները փորձում էին հավաքվածներին «պահել» Վ. Գեւորգյանի աշխատասենյակում, որպեսզի լրագրողներս չզրուցեինք նրանց հետ:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե եթե Գ. Ծառուկյանը քաղաքականությամբ այլեւս չի զբաղվելու, ինչու է հանդիպումներ ունենում աբովյանցիների հետ, Վ. Գեւորգյանը պատասխանեց, որ Գ. Ծառուկյանը որեւէ հանդիպում չի նշանակել ու իրականում նման հանդիպում նախատեսված չի եղել: Գեւորգյանը վստահեցրեց, որ Ծառուկյանը որեւէ կերպ չի «խառնվում» այն պրոցեսներին, որոնք կապված են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ: Ըստ Վ. Գեւորգյանի՝ ինքն ուղղակի Ծառուկյանին տեղեկացրել է, որ առաջադրվելու է, իսկ Ծառուկյանն էլ հավանություն է տվել իր առաջադրմանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս