Այսօր՝ մայիսի 30-ին կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի որոշմամբ, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ հարուցվել է վարչական վարույթ:
Առկա տեղեկատվության համաձայն, տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Վերոնշյալ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած և արտադրված ծխախոտի իրացումից:
Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ, պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը:
ՀՀ ՏՄՊՊՀ