«Հայոց եղեռնի ճանաչման ու դատապարտման պահանջը չպետք է փոխկապակցվի տարածքային պահանջների հետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանի խորին համոզմամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության` Թուրքիայի ՍԴ-ին ներկայացրած հայցի պես հայցեր վաղուց պետք է հարուցվեին և մեծ քանակությամբ: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հայցադիմումին` Գ. Դանիելյանը վստահեցրեց, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից հայցը մերժելն ուղղակի խելագարության կանխավարկածի հարթության վրա է:

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձը:

«Հայոց ցեղասապանության 100-ամյակի առիթով ու մեր ազգային պահանջատիրությանը ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամներում հաճախ է հիշեցրել հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս առումով Սիսի Կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ մեր ժողովրդի կալվածքների վերադարձի և բռնաբարված իրավունքների վերականգնման ուղղությամբ», – ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարությունում:

Գևորգ Դանիելյանը պարզաբանեց, որ սեփականության իրավունքի պաշտպանության համար վաղեմության ժամկետ սահմանված չէ, բացի այդ, խոսքը ոչ թե Հայոց եղեռնի ճանաչման կամ մերժման հիմքով իրավունքի վերականգնման, այլ սոսկ սեփականության իրավունքի վերականգնման մասին է. «Այդպիսի հայցեր դեռ շատ են լինելու: Չի բացառվում նաև, որ նույն եկեղեցին հայց ներկայացնի Կիպրոսում գտնվող հայկական եկեղեցուն պատճառված վնասի վերականգնման պահանջով և այլն: Հավելեմ, որ ժամանակն է, որպեսզի Հայոց եղեռնի ճանաչման ու դատապարտման պահանջը չփոխկապակցվի տարածքային պահանջների հետ: Տարածքային պահանջներ ներկայացնելու հիմքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հիմքով ինքնուրույն պետք է ներկայացվի, այն Հայոց եղեռնի հետ փոխկապակցելը ոչ միայն իրավաչափ չէ, այլև խոցելի է քաղաքական նկատառումով»:

Մեր զրուցակիցը մասնավորեցնելով նկատեց, որ թուրքական կողմը հաճախ պնդում է, թե հայկական կողմը «հնարել» է Հայոց եղեռնը, որպեսզի այդ պատրվակով հողային պահանջներ ներկայացնի: Գևորգ Դանիելյանի խոսքով, այդպիսով կարող է վարկաբեկվել և´ Հայոց եղեռնի գաղափարը, և´ հարվածի տակ դրվել տարածքային պահանջատիրության արդարացիությունը.«Առանձին շինությունների ու կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման պահանջներն ընդհանրապես առնչություն չունեն տարածքային պահանջատիրության հետ, քանզի խոսքը ոչ թե պետական սահմանների վերանայման, այլ պետության սահմաններում մասնավոր իրավունքի սուբյեկտի սեփականության իրավունքի վերականգման մասին է»:

Նշենք, որ կաթողիկոսությունը Կիլիկիայի Հայոց թագավորության մայրաքաղաք Սիսում հաստատվել է 1295 թվականին: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ընդամենը երկու օր ժամանակ տվեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ վերջնականապես հեռանալու կաթողիկոսարանից:

Տաթև Հարությունյան




Լրահոս