Հո չե՞նք վախենում իրենց հարցերին պատասխանել. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը:  Պատգամավորն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարել և սահմանել, որ ԱԺ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու ժամանակ սկզբում առաջինը հնչեցվելու են բանավոր հարցերը, այնուհետև գրավոր: Պատգամավորը դա  պատճառաբանում է այն հանգամանքով, որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից:

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը: Մասնավորապես՝ առաջարկվում է նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում հնչեցվեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների 2-ական հարցեր, այնուհետև՝ 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից: Առաջարկը ներկայացնում էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Չստվերելով Ազգային Ժողովի պատգամավորների կողմից բարձրացվող բանավոր հարցերի կարևորությունը, առարկայականությունը և դրանց հրատապությունը՝ այդուհանդերձ նշենք, որ, որպես կանոն, գրավոր ձևակերպված հարցերն իրենց մեջ պարունակում են խորքային վերլուծության և ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ: Կառավարությունն էլ, իր հերթին, հնարավորություն ունի իրավիճակային պատասխանի փոխարեն ներկայացնել լիարժեք ու հիմնավոր պատասխան: Ուստի, խնդիրը բարձրաձայնելու և նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը և կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու և լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է», – նշեց նախարարը և հայտարարեց, թե կառավարությունը դեմ է այս նախագծին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դեմ է, որպեսզի կառավարությունը բացասական եզրակացություն տա օրինագծին: Նրա խսքով,  դա խորհրդարանի խնդիրն է և խորհրդարանը պետք է որոշի՝ որին առավելություն տալ:  «Հո չե՞նք վախենում իրենց հարցերին պատասխանել: Էս հարթակը չպետք է մոռանանք` ինչի համար է: Դրա համար կառավարությունը մնալու է չեզոք:  Իմ կարծիքով՝ պետք չէ բացասական կարծիք տալ»:




Լրահոս