Մահացել է մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը :  Ծանր  հիվանդությունից հետո , երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ ,  վաստակավոր մարզիչ  Վարդան Իշխանի Միլիտոսյանը :

Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ.  հուլիսի 8 –ին , Գյումրիում : Ծառայել է Խորհրդային բանակում , ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը :

Վարդան Միլիտոսյանը զինծառայության  ժամանակ , 1964 –ից ,  մարզվել է  ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ  Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ : Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը : Նա  շռնդալից հաղթանակներ է  տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում : ԽՍՀՄ հավաքականում , 75 կգ քաշային կարգի առաջատարը ,    դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն , օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր  /  1976 թ. / , աշխարհի հնգակի ռեկորդակիր , տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և  միջազգային  պաշտոնական  մրցաշարերում : Փաստորեն , որոշակի  տեղատվությունից հետո ,   նրա շնորհիվ    Հայաստանում վերսկսվեց   ծանրամարտի  վերելքը :

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո / 1980 թ. /   մեծանուն  վարպետը  համալրեց  հարազատ քաղաքի  ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի  մարզիչների շարքը  ու  դարձավ հմուտ ուսուցիչ : Նա շատերին վարպետության դասեր տվեց : Իր հետքերով տարավ  նաև  եղբորորդուն `  Իսրայել Միլիտոսյանին `  նրան  դարձնելով աշխարհի , Եվրոպայի բազմակի չեմպիոն , օլիմպիական խաղերի  արծաթե / 1988 թ. /  և ոսկե / 1992 թ. /  դափնեկիր :

Երբեք  չէր խոսում , չէր հիշատակում  իր  մեծ  նվաճումների  ու կատարած   մարզական սխրանքների մասին , քանզի նա  բարձր էր ու ցանկանում էր   մշտապես  բարձրացնել գործընկերներին :  Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը   չափազանց բարի , ազնիվ , աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն :

Վերջին տասնամյակում  ,  սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով  ,  նա ստիպված  եղավ այլ աշխատանքի անցնել :  Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին  ու հոգով – սրտով  նրա  հետ էր  մինչև կյանքի վերջը :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է   հանգուցյալի ընտանիքի անդամներին , հարազատներին , նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին , ընկերներին :

Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա , քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական  ու համաշխարհային  սպորտի պատմագրքում :

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին




Լրահոս