Այսօր տեղի ունեցավ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու օծման արարողությունը: Սբ. Կաթողիկե եկեղեցուն կից կառուցված համալիրը կլինի կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Եկեղեցին և Հայրապետական նստավայրի կառուցումը ֆինանսավորել են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ տեր եւ տիկին Հրայր և Աննա Հովնանյանները:
Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, եկեղեցական համալիրի կառուցումը հովանավորած բարերար Հրայր Հովնանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի շարք այլ անձինք: Կաթողիկոսը եկեղեցում կատարեց օծման արարողությունը, որից հետո ծանոթացան հարևանությամբ կառուցված կաթողիկոսի երևանյան նստավայրին:
Սակայն, պետք է նշել, որ եկեղեցու օծմանը որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չտվեցին ներս մտնել` հավատարմագրված չլինելու պատճառով: Արարողությունից հետո հավաքվածները սակայն, նշեցին, որ ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ կաթողիկոսը չմտան Սուրբ Կաթողիկե եկեղեցին, որի հիմքի վրա է կառուցվել եկեղեցական համալիրը: