Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հարկային ստուգումները դեռևս շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
«Ստուգումները դեռևս ընթացքում են և չեն ավարտվել: Կարծում եմ` երբ կավարտվի, տեղեկատվություն կլինի»,- նշեց Միրումյանը: Այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ականների բիզնեսների ստուգումների արդյունքները կան, բայց Ծառոււկյանի բիզնեսներում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել, փոխնախարարը պատասխանեց, որ կան օրենքով սահմանված ժամկետներ և օրենքով սահմանված դեպքեր, որոնք պահպանելով պետք ավարտեն ստուգումները:
«Անգամ դեպքեր են լինում, երբ ստուգումները կասեցվում են, երբ ընկերությունը գործընկերային հարաբերությունների մեջ է օտարերկրյա ընկերության հետ և շատ դեպքերում պետք է հարցում ուղարկվի և օտարկրյա պետությունից ստացվեն համապատասխան հարցումների պատասխանները: Այն բոլոր կազմակերպությունները, որոնք ենթակա են ստուգման, ստուգվում են և ստուգումները հասցվում են ավարտին: Մենք որևէ կազմակերպության ստուգում անավարտ չենք թողնում»,- ընդգծեց փոխնախարարը:
Նշենք, որ այս տարվա փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստուգել ԲՀԿ նախկին ղեկավարի բիզնես գործունեությունն ու վճարած հարկերը: