Երևանի կենտրոնում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու և կաթողիկոսի երևանյան նստավայրի հովանավոր, Միացյալ Նահանգներում բնակվող բարերար Հրայր Հովնանյանն այսօր եկեղեցու օծման արարողության ժամանակ ասաց, որ իր համար ավելի կարևոր է աշխատատեղերի, գործարանների կառուցումը, քան եկեղեցու:
«Էջմիածինն է առաջարկել այս միտքը` եկեղեցի և նստավայր կառուցել, ես ալ կամավոր համաձայնել եմ: Ես բարերար եմ: Իրենք առաջարկեցին, ես կառուցեցի և նվիրեցի: Այսօր վերջին օրն է, բանալիները պետք է տամ իրենց»,- ասաց Հրայր Հովնանյանը:
Պատասխանելով Armlur.am-ի հարցին, եթե առաջարկեին կառուցել գործարաններ կամ այլ աշխատատեղեր, կանեի՞ք, բարերարը նշեց. «Ինձ համար ավելի կարևոր է գործարանների կառուցումը, քան այս»:
Հիշեցնենք, որ եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, եկեղեցական համալիրի կառուցումը հովանավորած բարերար Հրայր Հովնանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի շարք այլ անձինք:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում