Երեկ Արմավիրի մարզում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Մրգաշատ գյուղի բնակիչ Էդիկ Մելիքյանը հայտնաբերվել է պարանոցի շրջանի վնասվածքներով: Նախնական տեղեկություններով` նա շնչահեղձ է եղել:
Armlur.am-ի հետ զրույցում Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ իրենց գյուղի բնակիչը դեպքի օրը վաղ առավոտյան դուրս է եկել տնից` անասուններին տարել արածեցնելու, և ժամեր անց հարազատները նրան ճանապարհին մահացած ընկած են հայտնաբերել. «Հանգիստ մարդ էր, անշառ: Թշնամիներ չուներ, իր օրվա հացն էլ հովվությամբ էր վաստակում: Չենք կարողանում հասկանալ` ինչն է եղել պատճառը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ 55-ամյա տղամարդը երեխաներ ուներ, ընտանիքում էլ որևէ խնդիր չուներ:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով:
Կատարվում է քննություն: