Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է. Գեորգի Պոլտավչենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Armlur.am-ին տեղեկացնում են, որ «Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Կարևորելով համաժողովի անցկացումն ու դրա շրջանակում տեղի ունեցող կլոր սեղան-քննարկումները` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ այն ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու նախանշելու առաջիկա անելիքները, որոնք ամրագրված են ժամեր առաջ երկու քաղաքների միջև ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրում:

«Ուրախ եմ հերթական անգամ Երևանում հյուրընկալվելու համար, քանզի հինավուրց այս քաղաքը մեզ համար իսկապես հարազատ է: Այսօր այստեղ են նաև ինձ հետ Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի կառավարության բազմաթիվ անդամներ ու Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի գործարար շրջանակի ներկայացուցիչներ, ովքեր հայաստանյան գործընկերների հետ կքննարկեն մեր երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները:

Ինչպես արդեն նշեց Երևանի քաղաքապետը, այսօր մեր կողմից ստորագրված համագործակցության հնգամյա ծրագիրը հնարավորություն կտա առավել խորացնել գործակցությունը մասնվորապես առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար ոլորտներում: Ու ես վստահ եմ, որ 2015-2020 թթ. ծրագիրն իրոք նոր թափ կհաղորդի մեր համագործակցությանը, քանզի ձևավորված կառուցողական փոխգործակցությունն ու փոխադարձ վստահության մթնոլորտը միանշանակ տալիս է այդ հնարավորությունը: Բացի այդ, մենք ակնհայտորեն տեսնում ենք նաև այն ներուժը, որ կա փոխգործակցությունն առավել ընդգրկուն դարձնելու համար: Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն մեր երկու քաղաքների բնակչության»,- նշել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:




Լրահոս