1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանող եվրոպական երկրների հանդեպ թուրքական արձագանքն ավելի է դժվարացնում Եվրոպական միությանն Անկարայի անդամակցության գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Der standart»ին նման տեսակետ է հայտնել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Հանձնակատարը շեշտել է, որ Թուրքիան շարունակում է հերքել, որ 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն է, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները մթագնած են եւ վիճելի: «Թուրքիան կոպիտ է արձագանքել ԵՄ անդամ պետություններին` այդ թվում`Ավստրիային եւ Գերմանիային, որոնց խորհրդարանները Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին օգտագործել էին «ցեղասպանություն» բառն իրենց բանաձեւերում»,ասել է նա:
Հանձնակատար Յոհաննես Հանը շեշտել է, որ Անկարայի «կոշտ արձագանքը» պետք է դիտարկել առաջիկա հունիսին սպասվելիք ընտրությունների համատեքստում: «Այն կարող է բավական լայն տարածում գտնել երկրի մի շարք հատվածներում եւ բնակչության որոշ շերտերում: Բայց այն, ինչ ինձ անհանգստացնում է, երկարաժամկետ հետեւանք ունի: Հակաեվրոպական եւ հակաարեւմտյան սերմերն այսօրվա դրությամբ ավելի են դժվարացնում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը», եզրափակել է նա: