“ՀԱԿ-ից արդեն գրեթե ոչինչ չի մնացել, ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ, մնացած ամեն ինչը գիտեմ: Ես սրանից մեկ ու կես տարի առաջ ասացի, որ ՀԱԿ-ին սպասում է ԱԺՄ-ի ճակատագիրը, ինչպես ԱԺՄ-ն 1998 թվականին մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, այնպես էլ` ՀԱԿ-ը մեծ դժվարությամբ կկարողանա նախագահականին ձայներ հավաքել”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կմնա ՀԱԿ-ից, եթե վերջինս առաջիկա նախագահական ընտրություններին սատարի Վարդան Օսկանյանին, ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կանխատեսել էր նաև իշխանության հետ ՀԱԿ-ի սկսած երկխոսության հետևանքերը. “Երբ 2011 -ին նրանք հայտարարում էին, որ ջրբաժանը միշտ էլ կա և մենք, երբ ցանկանանք, կլինի ու նշում էին, որ պետք է գնալ երկխոսության, ես զգուշացնում էի, որ ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս, ասես` ֆու, երբ ցանկանաս, ասես` ֆաս: Եվ այդպես էլ եղավ, հանրահավաքներ չկան”:
“2007 -ի մայիսից սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն շրջագայում էր հանրապետության մարզերով, իսկ հոկտեմբերին՝ սկսեց իր հանրահավաքային շարքը Ազատության հրապարակում: Այսօր էլ հոկտեմբեր ամիսն է, և ՀԱԿ-ը դեռ ասելիք չունի”,-ասաց նա: