Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը կքննարկվի միջազգային համագումարում. Ա. Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից Armlur.am-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Մուրադյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում երկու երկրում առկա հաջողությունները և խնդիրները։

Տիկին Կազանսկայան նշեց, որ այս ոլորտում հեռանկարային համագործակցության լայն հնարավորություններ կան։ Նա  ներկայացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում առողջապահության  բնագավառում իրականացվող բարեփոխումների արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվում։

Արմեն Մուրադյանն  հյուրին ծանոթացրեց ՀՀ Ազգային ժողովում քննարկվող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին` նշելով, որ բուժաշխատողների վերապատրաստումների գործող հնացած համակարգը կփոխարինվի  զարգացած երկրներում ընդունված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգով:

Ընդգծվեց ախտորոշման և բուժման միջազգային չափորոշիչները տեղայնացնելու և ներդնելու կարևորությունը։ Երկուստեք կարևորվեցին նաև առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց հանրային առողջապահության ծրագրերին։  Օլգա Կազանսկայան տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում  վիտամիններով հարստացվում է  նախադպրոցական և դպրոցական երեխաների սնունդը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ  Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, որը նպատակ ունի կանխարգելել արատներով ծնունդներն ու բազմաթիվ հիվանդություններ։

«Բնակչության առողջության պահպանման համար կարևոր այս ծրագիրը կքննարկվի նաև հուլիսին կայանալիք Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարում, կլսենք աշխարհում ճանաչված մասնագետների կարծիքները»,-ասաց նախարարը։

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը նշեց, որ առողջապահական ծրագրերը երբեմն արժանանում են ոչ մասնագիտական քննադատության։

«Առողջապահությունը շատ զգայուն ոլորտ է։ Ես կարծում եմ, որ  խիստ բժշկական հարցերին պետք է մասնագետները լուծումներ տան»,-ասաց առողջապահության ոլորտը համակարգող փոխնահանգապետը։

Օլգա Կազանսկայան առաջարկեց մեր երիտասարդ մասնագետներին և գիտնականներին ընդգրկել իրենց մոտ կազմակերպվող գիտաժողովներին, վարպետության դասերին։

Համագործակցության լայն շրջանակները կհստակեցվեն առաջիկայում։

_V6A0453

_V6A0477 (1)




Լրահոս