Թե ինչպես 3 երիտասարդ որոշեցին օգնել իրենց ընկերոջը «հասնել» սիրած աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհի գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առևանգել են դստերը:

Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությամբ պարզվել են աղջկա առեւանգման հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Վ.Մալաքյանը նախապես իմացել է, որ 23-ամյա աղջիկը չի ցանկանում իր հետ ամուսնանալ, սակայն նախնական համաձայնության է եկել  իր երեք ընկերների հետ` նրան առեւանգելու հարցի շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել են, իսկ երբ տեսել են աղջկան և նրան ուղեկցողին, վերջիններիս դիմադրությունը ճնշելու և հաղթահարելու համար մեկը բռնել է ուղեկցողի հագուստից, իսկ մյուս երկուսը բռնության գործադրմամբ, աղջկան` իր կամքին հակառակ, նրան նստեցրել են ավտոմեքենան և առևանգել:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս