Երրորդմասցի Լյովիկի սպանությամբ հաշիվները դեռ չե՞ն մաքրվել. շրջապատը շարունակում է տագնապի մեջ մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանությունները փոթորկեցին ոչ միայն հայաստանյան քրեական աշխարհի թվացյալ անդորրը, այլև լուրջ խմորումներ առաջացրին երկրի ներքաղաքական կյանքում: Armlur.am-ը, համադրելով մինչ այս պահը մամուլում հրապարակված նյութերը, փորձեց հասկանալ իրավիճակը, թե քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) սպանությամբ ինչ հարցեր լուծելու փորձ էր կատարվել և ինչու նրա անունը հիշատակվեց նաև քաղաքական անցուդարձին ակտիվ մասնակցություն ունենալու մասով

Ի՞նչը կարող էր լինել Լևոն Ղազարյանի սպանության դրդապատճառը

Դեպքից անմիջապես հետո, ինչպես և կարելի էր սպասել, որպես սպանության պատվիրատու շրջանառվեց հայազգի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) անունը: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Լևոն Ղազարայանն ու Գևորգ Մելիքյանը տարաձայնություններ են ունեցել մեկ հեռախոսազանգի պատճառով: Լյովիկը ապտակել էր Գևորիկին, ինչն աններելի էր: Սակայն նրանց ընդհարումները լուծված էին համարվում մինչ այն պահը, երբ սպանվեց քրեական հեղինակությունը:
Սպանության մեջ Գևորգ Մելիքյանի մասնակցության վարկածն իսկույն հերքվեց, երբ «հիշվեց» մեկ այլ պատմություն:

oshakanci gevorik1
Գևորգ Մելիքյան (Օշականցի Գևորիկ)

Այս անգամ կիզակետում հայտնվեցին իշխանական էլիտայի ներկայացուցիչներ: Մամուլում շրջանառվեցին Հովիկ Աբրահամյանի, նրա որդու՝ Արգամ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունները: Նույն լուրերի համաձայն, Արգամ Աբրահամյանն ու Լևոն Ղազարյանը մտերիմ ընկերներ են եղել, ինչպես նաև համատեղ բիզնես են ունեցել: Ի դեպ, Լ. Ղազարյանի հոգեհանգստին ներկա է եղել նաև Արգամ Աբրահամյանը: Իսկ Մհեր Սեդրակյանը, շրջանառվող լուրերի համաձայն (որոնք պատգամավորը բնականաբար հերքել է)` եղել է Գևորգ Մելիքյանի մերձավորներից: Ավելին, խոսվում էր նաև այն մասին, որ Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո)` Մհեր Սեդրակյանի խնամու, նրա որդու և քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի միջև տարիներ առաջ լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել:

errordmasci lyovik
Լևոն Ղազարյան (Երրորդմասցի Լյովիկ)

Ինչևէ, երբ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող ոստիկանությունը դեպքի մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, հօդս ցնդեցին վարկածները, թե հայտնի քրեական հեղինակության և նրա ընկերների սպանությունն «օրենքով գող» Օշականցի Գևորիկի` Գևորգ Մելիքյանի վրեժն է, կամ թե սպանողները ցանկություն ունեին ինչ-որ բան հասկացնելու Երրորդմասցի Լյովիկի ազգականին` «օրենքով գող» Պզոյին` Արմեն Ղազարյանին: Այլևս չքննարկվեցին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատի մարդկանց մասնակցությունը:

ԱԱԾ-ի հույժ կարևոր դերակատարությունը

Լևոն Ղազարյանի և նրա ընկերների` Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանության գործում ամենաուշագրավ դրվագներից մեկը եղավ այն, որ նախաքննություն իրականացնելու գործառույթը ստանձնեց Ազգային անվտանգության ծառայությունը: Այդ պահից սկսած` սույն գործի հետ կապված պաշտոնական ինֆորմացիան դարձավ, բառի ամենալայն իմաստով, անհասանելի: ԱԱԾ-ն «նախաքննական գաղտնիությունից ելնելով»` բառացիորեն հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել: Արդյունքը եղավ այն, որ տեղեկատվական քաղցը հագեցնելու համար դաշտը ողողեցին տարբեր վարկածներն ու չճշտված տեղեկությունները:

Երբ ի հայտ եկան Գաստիկը, Ծգլը և Տլեն…

Արդեն հիշատակված բոլոր վարկածներն ու փաստերը միանգամից մի կողմ դրվեցին, երբ ի հայտ եկան կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերած Գաստիկը, Ծգլը և Տլեն: Մամուլը միանգամայն հաստատված համարեց լուրերը, թե Գաստիկը` Վահան Հակոբյանը, որոշել էր վրեժ լուծել Երրորդմասցի Լյովիկից` անցյալում իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Լուրեր շրջանառվեցին, թե Շենգավիթում «նայող»-ի պատվավոր դերը ստանձնած Լևոն Ղազարյանն ախոյան ուներ` ի դեմս Գաստիկի: Վերջինս ոչ մի կերպ չէր համակերպվում այդ մտքի հետ: Եվ մի օր «աթոռակռիվը» պետք է իր հանգուցալուծումը ստանար:

gastik
Ծգլ, Գաստիկ, Տլե

Այսպես, մամուլի հրապարակումների համաձայն, «հակառակորդին» զայրացնելու նպատակով Գաստիկն իր մոտ է կանչել Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից մեկին, ծեծել նրան, ապա գցել շան բունը՝ ասելով. «Էս չե՞ն ընկերներդ: Չեն էլ գալիս հետևիցդ»: Ապա Գաստիկը դաժան ծեծի ենթարկված երիտասարդին ուղարկում է հակառակորդ կողմի մոտ: Չանցած մի քանի օր` Գաստիկը ստանում է իրեն արժանի հակահարվածը՝ իր իսկ տան բակում: Լյովիկի «տղաները» ավտոմեքենայով գալիս են Գաստիկի մոտ, դաժան ծեծի ենթարկում նրան, մեքենայով անցնում նրա ոտքերի վրայով: Ի դեպ, լուրեր են տարածվել, թե այս ամենը տեղի է ունեցել Գաստիկի կնոջ և երեխայի աչքի առջև: Եւ ահա մարտի 4-ին էլ, կարծես, տեղի ունեցավ տղայական «ռազբորկայի» դաժան հանգուցալուծումը:

Ինչո՞ւ ընդգրկվեցին Ծգլը և Տլեն

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական խողովակներից ստացված տեղեկությունների համաձայն, Տլեն (Սարգիս Հախանումյան) և Ծգլը (Սարգիս Գրիգորյան) որպես այդպիսին, որևէ բանով հայտնի չեն: Նրանք, կարելի է ասել, Գաստիկի «սպասավորներն» են, մշտապես կատարում են նրա հրահանգներն ու ցուցումները: Ասում են, թե անգամ զենք չեն կարողացել գտնել՝ իրենց սև գործն անելու համար:

Թեպետ Տլեն տարիներ առաջ սպանված, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող «երրորդմասի բազարի Կյաժի» եղբորորդու` Գագուլի համախոհն է եղել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Տլեն և Գագուլը նախկինում գողություն կատարելու մեջ են մեղադրվել: Սակայն այս պահին անազատության մեջ պատիժ է կրում միայն Գագուլը. Տլեն ազատ էր արձակվել:
Եվ այսօր արդեն ավարտին մոտեցող նախաքննությամբ, կարծես թե, հիմնավորվել է, որ կատարվածի հեղինակը Գաստիկն է. Տլեն և Ծգլը զուտ կամակատարներ են, ովքեր ընկերոջ պատվի համար պատրաստ եղան մարտի դաշտ դուրս գալու: Երիտասարդներն արդեն կալանավորված են սպանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով:

Քրեական աշխարհում ոչինչ չի մոռացվում

Ինչպես հայտնի է, Լևոն Ղազարյանը «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հոր հորեղբոր որդին է: Իսկ քրեական աշխարհում ընդունված օրենքների համաձայն` այդ աշխարհի ներկայացուցիչների սպանությունները հենց այնպես չեն անցնում: Նման սպանությունների դեպքում վրեժխնդրությունն անխուսափելի է: Մամուլում շատ խոսվեց այն մասին, որ Լևոն Ղազարյանի սպանության վրեժը լուծելու է Պզոն, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում և արդեն իսկ որոշակի պլաններ է մշակել:

Մարտի 4-ը վենդետայի ավարտը չէ՞ր

Մարտի 31-ին` ժամը 03:00 սահմաններում, Չարբախում` իր իսկ տան դիմաց որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Վարդան Կարապետյանը, ով շրջապատում հայտնի է Փոսի Վարդան մականվամբ: Լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, նշում են, որ Փոսի Վարդանը Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից էր: Ավելին, Armlur.am-ին տուժածի հարևանները պատմել էին, որ դեպքից օրեր առաջ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Վ. Կարապետյանի բնակարանում և այնտեղ զենք-զինամթերք են փնտրել: Այսինքն՝ Վարդան Կարապետյանը եղել է ոչ միայն քրեական աշխարհի, այլև իրավապահների ուշադրության կենտրոնում՝ որպես սպանված Լևոն Ղազարյանի մտերիմ:

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս հայտնել էր, որ մահափորձի ենթարկված Վարդան Կարապետյանը ցուցմունք է տվել, պատասխանել իրավապահների հարցերին: Սակայն Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ կասկածյալների անուններ դեռևս չեն շոշափվում:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց քրեական այս պատմության շարունակությունը անսպասելի չէր: Նուբարաշենում տեղի ունեցած փոխհրաձգությունից և Լևոն Ղազարյանի ու նրա 2 մտերիմների սպանությունից հետո այս պատմության շարունակությունը ենթադրվում էր: Բայց հարձակվողների թիմը չի փոխվել, և թիրախը դարձյալ Լյովիկի շրջապատն է: Նշանակում է՝ նրան սպանողները դեռ մի քանիսին թեկուզ նախազգուշական կրակոցներով փորձում են «դաստիարակել», որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի Լյովիկի սպանության վրեժը լուծելու մասին անգամ մտածել: Իսկ թե ինչ իրավիճակ է քրեական դաշտում այսօր. դա թերեւս առանձին հրապարակման թեմա է:

Տաթև Հարությունյան




Լրահոս