Գազի գինը սպառողի համար չի էժանանա, թեև նման հնարավորություն կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայաստանյան լրատվական դաշտի մի մասում մի քանի ժամ ցնծություն էր տիրում, քանի որ Ռուսաստանից լուրեր էին եկել այն մասին, որ Հայաստանին վաճառվող գազի սակագինը գործող հազար խորանարդ մետրը 189 դոլարից կիջնի 165 դոլար: Երբ լուրը նոր էր դեռ ստացվել, բոլորին թվում էր, թե համընդհանուր թանկացումների ֆոնին այս մի անգամ էլ կարող է էժանացում լինել: Սակայն այդ ուրախությունը շատ կարճ տեւեց, եւ կամաց-կամաց բոլորը սկսեցին գիտակցել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի էժանացումը դեռ չի նշանակում սպառողին մատակարարվող գազի սակագնի իջեցում:

Իսկ երեկ արդեն այդ հարցը, կարելի է ասել, ընդհանրապես փակված համարվեց, քանի որ «Գազպրոմ-Արմենիայի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը լրագրողների հարցումներին ի պատասխան հայտարարել էր, որ սպառողներին մատակարարվող գազի սակագնի իջեցում իրենք չեն ծրագրում: Իսկ այն փաստը, թե Հայաստան ներկրվող գազի գինը նվազելու է, իրենց թույլ կտա սպառողներին մատակարարվող գազի սակագնի բարձրացման համար չդիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ գազամատակարարման համակարգում լրացուցիչ ներդրումներ կատարել: Այսինքն՝ ռուսական մի ընկերությունը` «Գազպրոմը», որոշել է իր ապրանքը ավելի էժան վաճառել ռուսական մեկ այլ ընկերության` «Գազպրոմ-Արմենիային»:

Ի դեպ, Սարդարյանն ասել էր նաեւ, թե իբր անցած տարվա վերջին դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրանալու արդյունքում իրենց ընկերությունը լուրջ վնասներ է կրել: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ վնասների մասին է խոսքը, բայց մյուս կողմից այդ պատմությունը վաղուց է հայտնի: Այսպես, երբ 2013-ի հունիսին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը` 1000 խ/մ-ը 156 հազար դրամ, դրանում դոլարի փոխարժեքը հաշվարկվել է 1 դոլարը 416 դրամ:

Ստացվում է, որ սպառողին գազի 1000 խ/մ-ը այն ժամանակ վաճառվել է 375 դոլարով: Դոլարի ներկայիս 470 դրամ փոխարժեքով ստացվում է, որ սպառողին գազը մատակարարվում է 1000 խ/մ-ը 332 դոլարով: Երբ «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացուցիչները ասում են, որ վնասներ են կրել, նրանք նկատի ունեն 1000 խ/մ-ի կտրվածքով վերը բերված 43 դոլարը: Սակայն, ինչպես միշտ, մոռացության է մատնվում այն փաստը, որ Հայաստանի սահմանին գազն արժի 1000 խ/մ-ը 189 դոլար, իսկ սպառողին այն նախ վաճառվել է 375 դոլարով, այժմ էլ՝ 332-ով, տարբերությունը եղել է 186 դոլար, դարձել է 143: Իսկ բոլորովին վերջերս էլ հայտնի դարձավ, որ սահմանից մինչեւ սպառող գազը հասցնելու համար գանձվող մի քանի հարյուր միլիոն դոլարը լավագույն դեպքում ծախսվում է «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակազմի, իսկ ավելի կոնկրետ՝ տնօրինությանն աստղաբաշխական թվերով աշխատավարձեր վճարելու վրա:

Այնուամենայնիվ, Հայաստանին մատակարարվող գազի սակագնի իջնելու դեպքում օրենսդրությունը հնարավորություն տալիս է սպառողին մատակարարվող գազի գինն իջեցնել` առանց «Գազպրոմ-Արմենիայի» հայտի: Բանն այն է, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, տվյալ դեպքում՝ «Գազպրոմ-Արմենիայի» հայտի հիման վրա, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ հնարավո՞ր է այս մարմինն իր նախաձեռնությամբ վերանայի սպառողին մատակարարվող գազի սակագինը, թե` ոչ:

Ի պատասխան՝ ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանն ասաց, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման մասին տեղեկությունն իրենք ստացել են մամուլից: Ըստ օրենսդրության՝ «Գազպրոմ-Արմենիան» պարտավոր է ՀԾԿՀ-ին ներկայացնել Հայաստան մատակարարվող գազի սակագնի իջեցման մասին պայմանագիրը: Ըստ Բարսեղյանի՝ երբ այդ փաստաթուղթը կներկայացվի իրենց հանձնաժողովին, դրանից հետո միայն հանձնաժողովը կարող է սակագնի իջեցնել-չիջեցնելու խնդիրն ուսումնասիրել ու ըստ այդմ որոշել՝ ինչպես վարվել:

Սակայն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարող ենք ասել, որ ՀԾԿՀ-ը երբեք չի համարձակվի սպառողներին մատակարարվող գազի սակագինն իջեցնել, ավելին՝ եթե հանկարծ նման պայմաններում «Գազպրոմ-Արմենիան» որոշի գազի սակագինը բարձրացնել ու դիմի այդ մարմնին, ապա նրանք ականջները կախ կիրագործեն ռուսական ընկերության կամքը:

Ի դեպ, «Էներգետիկայի մասին» օրենքի 4-րդ հոդվածում հանձնաժողովը, որն իրավասու է վերանայել էլէներգիայի եւ գազի սակագները, նշված է՝ «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով»: Սա ՀԾԿՀ-ի նախկին անվանումն է: Այսինքն՝ եթե օրենքի տառով առաջնորդվելու լինենք, ապա ներկայիս ՀԾԿՀ-ն իրավունք չունի էլէներգիայի եւ գազի սակագները սահմանել, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքում միայն մեկ տեղում է հանձնաժողովի անունը գրված, այն էլ՝ նախկին անունը:

Վահագն Հովակիմյան




Լրահոս