ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա, ասաց. «Բազմիցս ասել եմ, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ն  իր դիրքորոշումը կհնչեցնի, երբ մենք հարմար կգտնենք։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը, ապա ես անձնապես հարգանքով եմ վերաբերում իմ գործընկերոջ հայտնած տեսակետին»:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ողջ քաղաքական դաշտը սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին՝ նախագահական ընտրությունների հետ կապված: Ի վերջո, ԲՀԿ առաջնորդն ի՞նչ մտադրություններ ունի:
-Տվյալ հարցը հնչում է օրվա մեջ երեւի թե մի քանի տասնյակ անգամ։ Ես չեմ զլանա այդ հարցին պատասխանել հարյուր կամ միլիոներորդ անգամ։ Նախագահական ընտրությունների վերաբերյալ ցանկացած հարցադրում ցանկացած ենթատեքստով, ցանկացած, այսպես կոչված, «հավաստի աղբյուրներին» հղում անելով, ստանալու է նույն պատասխանը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը կհրապարակի այն պահին, երբ մենք ինքներս կորոշենք այդ պահը։ Եւ ցանկացած ենթատեքստով ձեւակերպված նույն հարցը ստանալու է նույն պատասխանը։
-Ձեր տպավորությամբ՝ ԲՀԿ առաջնորդը, այդ հարցի հետ կապված, ի՞նչ «ուղղվածություն» ունի՝ ՀՀԿ-ի հետ «մերձեցո՞ւմ» է լինելու, թե՞ առճակատում:
-Ես չեմ ցանկանում խոսել նախագահական ընտրությունների մասին եւ չեմ խոսելու։
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գաղտնի հանդիպում ունեցե՞լ են: Ի՞նչ են քննարկել նրանք:  
-Ես նման հանդիպման կամ հանդիպումների մասին որեւէ տեղեկություն չունեմ։
-Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ի՞նչ փոխհարաբերություններ ունեն, օրերս նրանք միասին հարսանիքի են մասնակցել եւ նույն սեղանի շուրջ նստել:
-Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել մարդկանց անձնական հարաբերությունները։ Այդուհանդերձ, որքան ես եմ տեղյակ՝ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են։  
-Մեր տեղեկություններով՝ վերջերս Գագիկ Ծառուկյանը պարբերաբար հանդիպում է իր թիմակիցների հետ եւ ասել է, որ չպետք է որեւէ բանից վախենան, ամեն ինչ լավ է լինելու: Որտեղի՞ց ԲՀԿ առաջնորդի մոտ նման վստահություն եւ լավատեսություն:
-Ես չեմ հիշում որեւէ նման հանդիպում կամ քննարկում, քանզի ԲՀԿ-ն որեւէ բանից կամ որեւէ մեկից վախենալու խնդիր չունի։ Մենք չենք էլ կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ աշխատանքային քննարկումներ մենք ունենում ենք միշտ, եթե կա անհրաժեշտություն՝ նաեւ ամեն օր։
-Իսկ այդ հաճախակի հանդիպումների ժամանակ աշխատանքային ի՞նչ հարցեր են քննարկվում:
-Ցանկացած հարց, որն այսօր կա մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգում։
-ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, մշտապես ԲՀԿ-ից «առաջ ընկնելով», հայտարարություններ է անում, օրերս էլ հայտարարեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում  ԲՀԿ-ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա: Ի վերջո, ԲՀԿ-ն Օսկանյանի հորդորներին «ընդառաջելո՞ւ» է:
-Նախագահական ընտրությունների վերաբերյալ, կարծում եմ, ամեն ինչ ասացի։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը, ապա ես մեծագույն հարգանքով եմ վերաբերում իմ գործընկերոջ այդ տեսակետին։
-Իսկ ինչո՞ւ է Օսկանյանը մշտապես առանձին հայտարարություններ անում, եւ ԲՀԿ-ականները մշտապես չեն ցանկանում մեկնաբանել:
-Կարծում եմ՝ ես մեկնաբանեցի՝ ասելով, որ հարգում եմ նրա տեսակետը։ Իսկ ընդհանրապես, մենք ազատ, ժողովրդավարական կուսակցություն ենք, եւ յուրաքանչյուրը կարող է իր մասնավոր տեսակետը ներկայացնել։ Ես եւս նախագահական ընտրությունների վերաբերյալ ունեմ իմ անձնական տեսակետը, սակայն այս պահին հարկ չեմ համարում այն հրապարակել։ Դա էլ իմ իրավունքն է։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս