«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամի՝ մի քանի օր առաջ սկիզբ առած արժեզրկումը չի դադարում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել է 480 դրամի հոգեբանական շեմին: Մեկ դոլարը վաճառվել է 479 դրամ 25 լումայով:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարի բորսայական գինը 473 դրամ էր: Այսինքն այս ընթացքում դրամն արժեզրկվել է 1.2 տոկոսով, ինչը բավականին շատ է: Թերևս կարելի է արձանագրել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր հյուրերի այցելությունը Հայաստան չի թողել այն ազդեցությունը, որը սպասվում էր:
Իսկ սպասվում էր, որ այդ այցերի արդյունքում արտարժույթի ներհոսք կլինի, ինչը կհանգեցնի դրամի արժևորման:
Մյուս կողմից, սակայն, մասնագետների կարծիքով, արձանագրվող արժեզրկումը շուտով կդադարի և դրամի փոխարժեքը առաջիկայում կկայունան»: