Երեկ կրկին շուրջ երկու ժամով Բուզանդի փողոցի երթեւեկությունն ամբողջությամբ կաթվածահար էր եղել, քանի որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի հերթական նիստն էր. նրանք եկել էին իրենց շքեղ ավտոմեքենաներով ու թիկնապահներով: ՀՀԿ-ն որոշում էր Սերժ Սարգսյանի առաջադրման մասին հայտարարելու հարցը:
Նախ նշենք, որ ՀՀԿ-ականներից շատերը երեկ այցելել էին Ալավերդի՝ մասնակցելու ասմունքի մրցույթ-փառատոնին եւ կերած-խմած վերադարձել էին մայրաքաղաք: Չնայած ենթադրվում էր, որ նրանք շատ բարձր տրամադրություն պետք է ունենան, այնուամենայնիվ, նկատելի էր, որ նժդեհականները նիստից դուրս եկան շատ անտրամադիր: Անգամ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հարցերին շատ «անհավես» պատասխանեց: Նիստի ավարտից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը բոլորին «ձեռքով» հաջող արեց ու արագ հեռացավ:
Տեղեկացնենք, որ երեկվա նիստին ներկա չէր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. ասացին՝ հարգելի պատճառով: Իսկ թե որն էր դա, չմանրամասնվեց:
Եւ այսպես, ըստ ՀՀԿ խոսնակի՝ քննարկվել է հարցը, որ մինչեւ տարեվերջ ՀՀԿ-ն պետք է արտահերթ ժողով կամ համագումար հրավիրի, որտեղ կհայտարարի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտոնական առաջադրման մասին: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերի «գաղտնի» հանդիպման ու տրված վերջնաժամկետի մասին տեղեկություններին, ապա Շարմազանովը հերքեց՝ հավելելով, թե ՀՀԿ-ն ոչ մի արշավ չի սկսել ԲՀԿ-ի դեմ:
Հ.Գ. Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները հասկացել են, որ քաղաքական դաշտը համախմբվում է «փողերի լվացքի» հեղինակ Վարդան Օսկանյանի շուրջ, դրա համար էլ ակնարկեցին, որ իրենք պատրաստ են գնալ միայնակ՝ առանց կողմնակի աջակցությունների: Ու նրանց ամենեւին էլ չի վախեցնում քաղաքական կոնսենսուսի գոյությունը՝ հանած Սերժ Սարգսյանին (չհաշված իրական ընդդիմությունը): Կարծես թե հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվում:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ