ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐ
Երեկ լրացավ Գյումրիում լույս տեսնող միակ օրաթերթի` «Ասպարեզ»-ի  մեկամյակը: Թերթի հիմնադիրն ու հրատարակիչը Լեւոն Բարսեղյանն է եւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: «Մեր թերթը տարիներ հետո լինելու արժանավոր եւ ազդեցիկ, որովհետեւ արդեն ազնիվ է եւ բարեխիղճ, մնում է աշխատել, շատ աշխատել, եւ երբ ինձ նման ծույլին է ստիպում աշխատել, ուրեմն զորանալուց զատ այլ ճակատագիր չունի»,-«Ֆեյսբուք»-ում գրել է Բարսեղյանը՝ ասելով, որ ինքը 1989-90թթ. ցանկացել է օրաթերթ հիմնել:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեկ շարունակվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վերաքննիչ բողոքի քննությունը: Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հայտարարել է, թե առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, բացառությամբ Դավիթ Քիրամիջյանի: Նա նաեւ նշել է, թե Արտակ Գեւորգյանի հետ կապված՝ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերջինիս խնամքին երկու անչափահաս երեխա կա: Խոսելով վերաքննիչ բողոքում փաստաբանի այն դիտարկման մասին, թե երիտասարդների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, դատախազն ասել է, որ վարույթն իրականացնող մարմինն իր գործողությունները չի իրականացնում՝ ելնելով այն սկզբունքից, թե ով որ խմբից է: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին: Այդ նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես կգա երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը:

ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌԵԼ
«Հայէլեկտրո» գործարանի բուժարանն աճուրդի է հանվել ՊԵԿ-ին ունեցած պարտքերի պատճառով։ Գործարանի այդ շենքում ապրող 62 ընտանիքներն այս մասին իմացել են օրեր առաջ։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են չզրկել իրենց տանիքից։ «Հայէլեկտրո» գործարանի տարածքում գտնվող 5-հարկանի այդ շենքում ապրում են գործարանի նախկին աշխատողներ եւ փախստականներ։

ՍԱՀՄԱՆԵԼ Է
ՀՀ ԿԸՀ-ն երեկ սահմանել է ՀՀ նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը: Սահմանվել են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը: Նիստում փոփոխություն է կատարվել ԿՀԸ` «Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձեւը սահմանելու մասին» որոշման մեջ:

ԸՆԴՄԻՇՏ` ԿՈԿԱ-ԿՈԼԱ
Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Trend գործակալությանն ասել է. «Ադրբեջանի հասարակությունն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուն է համարում Իլհամ Ալիեւին»։

ԵԽԽՎ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերն իր անհանգստությունն է հայտնել  Վարդան Օսկանյանին «վիճահարույց քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ: «Սա հատկապես անհանգստացնող է` հաշվի առնելով այն համառ պնդումները, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքներում դեր են խաղացել քաղաքական դրդապատճառները: Եթե այդ պնդումները հաստատվեն, ապա դա կնշանակի հետքայլ վերջին մեկուկես տարվա ընթացքում արձանագրված քաղաքական հարցերի կարգավորման դրական ուղուց»,-հայտարարել է ԵԽԽՎ-ի համազեկուցողը: Ֆիշերը նաեւ նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով պարզաբանել Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաեւ այն փաստերը, որոնց հիման վրա խորհրդարանը նրան զրկել է անձեռնմխելիությունից:




Լրահոս