Կրճատումներ Օպերայի և բալետի թատրոնում. ոչ համապատասխան կրթությունից խոսում է արաբագետ տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել քաղաքացիներ և տեղեկացրել, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կադրային ջարդ է սկսվել, համատարած կրճատումներն անխուսափելի են դարձել:  Մենք թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից ճշտեցինք լուրի իսկությունն ու հետաքրքրվեցինք, թե ինչով են պայմանավորված կրճատումները: Վերջինս շտապեց  նշել, որ թատրոնում կրճատումներ չկան. կան փոփոխություններ: Ըստ նրա` թատրոնում պետք է  աշխատեն մարդիկ, որոնք ունեն համապատասխան կրթություն. «Ամբողջ խնդիրը սա է: Իսկ ով ահազանգել է խմբագրություն, ինձ թվում է` ուղղակի կրթություն չունի եւ ինքն էլ է կրճատվում… Թատրոնում կարո՞ղ է աշխատել ռեժիսոր, որը քիմիայի ոլորտի կրթություն ունի»,-ասաց նա:

Անդրանիկ-Արզումանյան

Անդրանիկ Արզումանյանի խոսքով` քանի որ թատրոնում վերջին մեկ տարվա ընթացքում աշխատավարձերի բարձրացում է գրանցվել, ուստի աշխատանքային պայմանները պետք է փոխվեն. «Եթե ուզում ենք լավ թատրոն ունենալ, պետք է աշխատեն միայն պրոֆեսիոնալները, եթե ոչ` ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է»,-ընդգծեց նա:

«Ժողովուրդ»-ը հարցրեց, թե քանի հոգի է կրճատվում, իսկ Ա.Արզումանյանը պատասխանեց, որ խոսքը 4 ռեժիսորների մասին է:

Այս պարագայի ամենաուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ համապատասխան կրթության և պրոֆեսիոնալիզմի մասին խոսում է մի մարդ, ով ինքը մասնագիտությամբ դիվանագետ է, արաբագետ: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

Հիշեցնենք, որ Օպերայի եւ բալետի թատրոնում կրճատումների ալիքն այն ժամանակ նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի կողմից սկսվել էր դեռեւս 2014-ից:

Այդ շրջանում էլ տնօրենն իրեն բնորոշ ոճով լրագրողներին առաջարկել էր «կադրային  ջարդ»-ի փոխարեն օգտագործել «կադրային փոփոխություններ» ձևակերպումը: Այդ փոփոխությունները նա պայմանավորել էր կրճատվողների տարիքով «եւ այլ հանգամանքերով»: Միեւնույն ժամանակ, թատրոնում եղել էր  որակավորման փուլ, որով անցել էին բոլոր արտիստները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս