ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ «ՇԱՀԻ ՎՐԱ ԿԳՆԱ՞», ԹԵ՞ ԿՏԱՆԵՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը 10 տարի «սուրբ էր», սակայն հանկարծ «հանցագործ» դարձավ: Հայաստանյան իրականությունը ցույց է տալիս, որ թեկուզ այս տրամաչափի չինովնիկի պաշտոնանկությունն ու քրեական պատժի ենթարկվելը պատահական չի կարող լինել:
Եթե հավատալու լինենք իրավապահների քննության արդյունքներին (այս պահին  չհավատալու հիմքեր չունենք՝ հակառակն ապացուցող փաստերի բացակայության պատճառով), ապա Լ. Միքայելյանը եղել է մարզի մի քանի ոլորտների պատասխանատու եւ առնվազն 2 ոլորտի «ռեկետչիկ-պաշտոնյան»: Ըստ քրգործի նյութերի՝ նա, լինելով մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող-պատասխանատու, իր դիրքն օգտագործելով, նպաստել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող՝ Կոտայքի մարզի դպրոցների 3 եւ առողջապահական կազմակերպությունների 2 տնօրենների օգտին գործողություն կատարելուն, եւ հովանավորչության ու ստուգումներ չիրականացնելու համար 2005թ. նոյեմբերից մինչեւ 2012թ. հուլիսի 13-ը 8 դրվագով անձամբ ստացել է տարբեր չափերի կաշառք: Թե յուրաքանչյուր դրվագով որքան գումար է վերցրել Միքայելյանը, կպարզվի դատաքննության ընթացքում, բայց այս պահի դրությամբ հանրությանը հայտնի է, որ նրան ընդամենը 40 000 դրամ կաշառք «վերցնելու վրա են» բռնել: Սա երեւի թե խոսում է այն մասին, որ իրավապահներին անհրաժեշտ է եղել կաշառակերին  գոնե մեկ «գործի վրա» բռնել: Եւ այդ նպատակով հուլիսի 13-ին փոխմարզպետի մոտ են ուղարկել նրա ենթակայության դպրոցներից մեկի տնօրենին` ձեռքին 40 000 դրամ հատուկ մշակված փող: Միքայելյանն էլ վերցրել է այն, ու հենց այդ պահին ԱԱԾ աշխատակիցները բռնել են նրան: Հաջորդ օրը Լ. Միքայելյանը պաշտոնին հրաժեշտ է տվել:
Կոտայքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական փոխմարզպետին բռնելը ներքին ինչ-ինչ ինտրիգների արդյունք է: Բացի այդ, մարզի շատ դպրոցների տնօրեններ դժգոհել են Միքայելյանի դրամահավաքությունից: Դա հաստատում է նաեւ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Լ. Միքայելյանը պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու դիմաց՝ սպառնալով հակառակ դեպքում խնդիրներ ստեղծել տնօրենների համար: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ մարզում մի քանի տասնյակ դպրոցներ կան, ապա դրանցից «գանձված» 40 000-ական դրամների հանրագումարը լուրջ թիվ կարող է կազմել: Եթե դրան էլ հավելենք, որ Միքայելյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2002-ից, այսինքն՝ 10 տարի, ստացվում է  մի ամբողջ կարողություն:
Արդյոք Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը կարող էր տեղյակ չլինել իր տեղակալի «ռեկետից»: Երբ մարզպետին լրագրողները հարցրել էին, թե Ձեր տեղակալը միայնակ է գործել այդ հարցում, Շահգալդյանը պատասխանել էր. «Դուք կարծում եք՝ մարզպետի հետ եղած կլինի՞: Իրավական գնահատականը դատարանն է տալու: Իմ համար սա շատ անսպասելի էր… Դե, հիմարություն է արել, ինքն էլ պիտի պատասխան տա»: Ինչ վերաբերում է կաշառքի չափին, ապա մարզպետն ուշագրավ դիտարկում էր արել.  «Էդ ի՞նչ մարզպետ պիտի լինի, որ 40 հազար դրամի կաշառքի համաձայնություն տա», հետո «ինքնաուղղում» էր արել՝ նշելով, որ 1000 դրամն էլ է կաշառք: Լրագրողները նաեւ հետաքրքրվել էին մարզպետից նրա հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ պտտվող լուրերի մասին՝ ակնարկելով, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն քիչ ձայներ էր հավաքել Կոտայքի մարզում, իսկ նրա տեղակալի ձերբակալությունը պարզապես զգուշացում էր իրեն՝ թե դիմում գրի, ազատվի կամ կազատենք: Սակայն պարոն մարզպետը պատասխանել էր, որ ընտրությունների արդյունքներից որեւէ մեկը չի դժգոհել:
Սրան հավելենք նաեւ ձերբակալությունից հետո մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ մարզպետի ու Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի միջեւ հակասություններ կան, եւ վերջինս ցանկանում է մարզպետ դառնալ: Բացի այդ, Կոտայքում հոգնել են Շահգալդյանի «ագահությունից». նա մարզպետարանի զբաղեցրած տարածքի գումարն անգամ չի վճարում, քաղաքի ծառերի կոտրտված ճյուղերն էլ ուղարկում է Չարենցավան՝ իր որդուն պատկանող օբյեկտում խորոված անելու:
Տպավորություն կա, որ բոլոր դժգոհների շահերը համընկել են, իսկ որոշիչ գործոնը դարձել է իշխանության «քաղաքական դժգոհությունը»: Գուցե դա է պատճառը, որ նախ գործը հարուցվել է ԱԱԾ-ում, հետո տեղափոխվել հատուկ քննչական ծառայություն: Մինչդեռ դրանով ի սկզբանե պետք է զբաղվեր ՀՔԾ-ն, քանի որ խոսքը պաշտոնյայի մասին է: Երկրորդ՝ Շահգալդյանը հարցազրույցներում ասել է, որ ինքը տեղյակ չէ, բայց չի ասել, որ մեղավոր չէ` խորհուրդ տալով սպասել իրավական գնահատականին: Եւ երրորդ. ուշագրավ է, որ իրավապահներն այդ 8 դրվագը բացահայտել են՝ սկսած 2005-ից. այսինքն՝ առնվազն 7 տարի իշխանության ներկայացուցիչն այդ գործով է զբաղվել, որն իրավապահները բացահայտել են ԱԺ ընտրություններից հետո եւ նախագահականից առաջ: Արդյոք սրանում, քրեականից բացի, քաղաքական ենթատեքստ չկա, եւ արդյոք անհրաժեշտության դեպքում սույն քրգործին չեն կապի նաեւ Շահգալդյանի անունը:
Հ.Գ. Ասում են՝ սովորաբար անունը կամ ազգանունը կարող է մարդու բնավորության վերաբերյալ որոշ հուշումներ անել. ուրեմն Շահգալդյանը կարո՞ղ է «շահի վրա գալ»… Ժամանակը եւ իրավապահների գնահատականները ցույց կտան:    

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս